Դ.Խվորոստովսկի. Հայաստանը սուրբ երկիր է ինձ համար (Լուսանկարներ)
Դմիտրի Խվորոստովսկուն համերգային փորձի ժամանակ դժվար էր ճանաչել. նա սև ջինսերով էր` դասական ֆռակի փոխարեն, սպորտային վերնաշապիկով ու նարնջագույն արևային ակնոցներով…բայց դա իսկապես Դմիտրի Խվորոստովսկին էր` Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում. աշխարհահռչակ նրա բարիտոնը անգամ նման հանդերձանքով երբեք չես շփոթի:
Գրեթե անմիջապես օդանավակայանից ժամանած Դմիտրին, ինչպես մամուլի ասուլիսում ասաց, դեռ հարմարվում է «երևանյան չոր օդին», բայց դրանից, ըստ նրա փորձը դիտած մեր թղթակցի, Խվորոստովսկու կատարումների գեղեցկությունը չի նվազում:
«Երևանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Երևան ժամանած նշանավոր բարիտոնը արդեն երկրորդ անգամ է Երևանում, սակայն առաջին անգամ է, որ հանդես կգա համերգով.
«Ութ տարի առաջ ես Երևանում էի ու շատ սիրեցի այս երկիրը…. Հայաստանը սուրբ երկիր է ինձ համար: Ես շատ հայ ընկերներ ունեմ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում և իսկապես շատ ուրախ եմ այստեղ գտնվել»,- փորձից հետո համերգասրահի ճեմասրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դ.Խվորոստովսկին:
Իր առաջին այցն էլ Հայաստան Կոնստանտին Օրբելյան –կրտսերի շնորհիվ է եղել, սակայն այցը համերգ տալու նպատակ ամենևին էլ չի ունեցել, պարզապես պետք է ներկա գտնվեր Ազգային Ժողովի մոտ անցկացվող համերգին: Լրագրողներին այդ զվարճալի պատմությունը ներկայացրեց հենց ինքը` Օրբելյանը, ով վաղվա համերգի դիրիժորն է և ով շեշտեց, որ Խվորոստովսկին «ընդհանրապես չպետք է երգեր այդ օրը», սակայն բարիտոնը իրեն բնորոշ հումորով շարունակեց այդ պատմությունը.
«Երևան գալուս մասին բոլոր իմացողները մտածում էին, թե երգելու եմ: Բոլորը այդ հարցը շտապում էին ինձ տալ ու բոլորին պատասխանում էի` չեմ երգելու: Բայց ոչ ոք չէր հավատում ու արդյունքում ինձ անգամ կոնսպիրատոր որակեցին»,- ժպտալով պատմեց նա: Արդյունքում, սակայն, Խվորոստովսկին երգել է ու` դարձյալ զվարճալի պատմություն.
«Ես այնքան էի Օրբելյանին ասել, որ չեմ երգելու, որ համոզել էի նրան ….ու ինքը ոչ մի նոտա իր հետ չէր վերցրել, պատկերացնո՞ւմ եք: Ու երբ ես բարձրացա բեմ ու սկսեցի թվարկել, թե այս, այս և այս երգն եմ պատրաստվում կատարել, Օրբելյանը շիվարած ասաց` բայց ես նոտաները չունեմ (ծիծաղում են): Ու ստիպված էի ակապելո կատարել»,- հավելեց երգիչը:
Կ.Օրբելյան-կրտսերն էլ ավելացրեց, որ իր համար հենց այս օրերին հատկապես կարևոր է գտնվել Երևանում ու հանդես գալ Դիմայի հետ, քանի որ նշվում է հորեղբոր` մաեստրո Կոնստանտին Օրբելյանի 85-ամյա հոբելյանը և Խվորոստովսկին իր այս համերգով ուրախացնելու է ոչ միայն հանդիսատեսին, այլև նվեր է անում իրենց` երկու Կոնստանտին Օրբելյաններին, ովքեր վաղը հանդես կգան, ի դեպ, մեկ բեմում: Խվորոստովսկին, սակայն, միջամտեց.
«Դա առաջին հերթին ինձ համար է նվեր: Եվ իսկապես շատ ուրախ եմ, որ միավորվելու ենք վաղը մեկ բեմում»:
Անցած ութ տարիների ընթացքում թե ի՞նչ փոփոխություններ է կրել Երևանը նշանավոր բարիտոնը դժվարացավ պատասխանել, քանի որ օդանավակայանից գրեթե անմիջապես ժամանել էր փորձի: Սակայն այն, որ մոսկովյան մռայլ, ցուրտ ու անձրևոտ եղանակից հետո նա ընկել է նման միջավայր, որտեղ տաք է, արև է ու բոլորը գեղեցիկ ու թեթև են հագնված իր վրա շատ դրական տպավորություն է թողել.
«Ես տեսնում եմ, որ Երևանը մաքուր է, գեղեցիկ է, ձեզ մոտ արևոտ է, մարդիկ գեղեցիկ են, լավ հագնված… Մոսկվայում այնքան զզվելի եղանակ է, իսկ այստեղ բոլոր թեթև են հագնված. հոյակապ է»,- թվարկեց նա, սակայն հրաժարվեց մնալ մեր երկրում` շնորհակալ եմ, ասաց, բայց չեմ կարող:
Շարունակելով եղանակի թեման նա ասաց, որ Երևանում շատ չոր կլիմա է, ինչը պայմանավորված է բարձր դիրքով:
«Ահա թե ինչու ինձ մոտ ոչինչ չի ստացվում, որովհետև չոր է, ես անգամ թուքս չեմ կարողանում կուլ տալ, ու այդ չորությունն ազդում է: Իսկ մնացածը հեչ բան է… ես անգամ սառնամանիքին եմ երգել»,- հավաստիացրեց նա ու սիրով բոլորին հրավիրեց վաղվա իր համերգին…
Կազմակերպիչները, սակայն, հայտնեցին, որ բոլոր համերգի բոլոր տոմսերը սպառված են:
Նախորդիվ`
Նվեր երևանյան հանդիսատեսին. երկու Կոնստանտին Օրբելյան` մեկ բեմում
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին