Աշխարհի լավագույն Տոսկաներից Հասմիկ Պապյանը երջանիկ է, որ բեմում լինելու են միայն հայեր
«Մեծ երջանկություն է, որ աշխարհի լավագույն Տոսկաներից մեկը՝ Հասմիկ Պապյանը, ցանկություն հայտնեց գալ ու երգել Տոսկա: Մենք այդ հնարավորությունը չէինք կարող բաց թողնել ու ամեն ինչ շատ արագ կազմակերպեցինք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը:
Նշենք, որ փետրվարի 11-ին և 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ջ.Պուչինիի «Տոսկա» հանրահայտ օպերայի համերգային կատարումը՝ Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ և համաշխարհային մեծության սոպրանո Հասմիկ Պապյանի գլխավոր դերակատարությամբ: Մյուս գլխավոր դերերգերում հանդես կգան երգիչներ Հովհաննես Այվազյանը (տենոր, Կավարադոսիի դերում), Դավիթ Բաբայանցը (բարիտոն, Սկարպիայի դերում), Հրանտ Պապյանը (բաս, Անջելոտտիի դերում): Բեմում լինելու են նաև «Հովեր» պետական կամերային (գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար (Սոնա Հովհաննիսյան) և «Սպեղանի» մանկական (գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար երգչախմբերը Սարինա Ավթանդիլյան) երգչախմբերը:
Է. Թոփչյանի խոսքով, 40 տարի է Հայաստանում չի ներկայացվել այս ստեղծագործությունը, որովհետև շատ դժվար ու պատասխանատու է գլխավոր դերակատարների, նվագախմբի համար:
Ասուլիսին ներկա Հասմիկ Պապյանն ասաց, որ իր համար շատ հաճելի է առաջին անգամ երգել Տոսկա բացառապես հայկական կազմով՝ հայ երգիչներ, հայ դիրիժոր, հայկական նվագախումբ: «Չեմ կարծում, որ երբևէ իտալացիները միայն իտալացիներով կամ ռուսները միայն ռուսներով կատարել են այս ստեղծագործությունը: Հայաստանում երգելն ինձ համար ավելի դժվար է, մեծ է պատասխանատվությունը»:
Նրա խոսքով, 100-ից ավելի անգամ է կատարել Տոսկա հայտնի երգիչների հետ, աշխարհի հայտնի բեմահարթակներում: «Երբևէ առիթ չի եղել երգել հայերի հետ: Շատ հաճելի է, որ կարողանում ենք բեմ բարձրանալ միայն մեր ուժերով: Վստահ եմ, որ հանդիսատեսն այսպիսի երաժշտության հետ շփվելով ու մեկ անգամ լսելով չպետք է ուզենա այլ տեսակի երաժշտություն լսել: Մեր հանդիսատեսն իսկապես արժանի է»:
Երգչուհին ասաց, որ մեկ անգամ է երգել Տոսկա համերգային կատարմամբ. «Համերգայինը տարբերվում է օպերայից նրանով, որ ամբողջությամբ կենտրոնանում ես երաժշտության վրա: Սա ունի առավելություն: Ինձ համար տարբերություն չկա, համերգային է, թե բեմական, միևնույն է վերարտադրում եմ երաժշտությունը, պետք է լինեմ նաև կերպարի մեջ»:
Նա հույս հայտնեց, որ «Տոսկա» հանրահայտ օպերան հայկական բեմում կբեմադրվի, քանի որ այն զարդարում է բոլոր մեծ թատրոնների խաղացանը. «Սա սկիզբն է»:
Է. Թոփչյանն ասաց, որ «Տոսկա» հանրահայտ օպերայի համերգային կատարումը նվիրվում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանցի հիշատակին:
Հիշեցնենք, որ Ռ. Հակոբյանցը մահացել է նախօրեին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան