Ազգային կինոկենտրոնի տնօրենը՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի ճակատագրի մասին
«Մի քանի տարի առաջ «Հայֆիլմ»-ի աշխատակիցները փորձել են կինոստուդիայի հետագա գործունեության հարցը բարձրացնել, սակայն անհաջողության են մատնվել: Նրանց պատասխանել էին, որ մինչև պայմանագրի ավարտը դեռ ժամանակ կա, և միայն ժամկետը լրանալուց հետո կարելի է հարցը բարձրացնել, եթե ոչինչ արված չի լինի»։ Կինոաշխարհ»-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե որն է կինոգործիչների լռության պատճառը և ինչո՞ւ այս տարիներին չեն բարձրաձայնել «Հայֆիլմ» կինոստուդիայի խնդիրների մասին, ասել է Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն, «Հայֆիլմ» կինոստուդիայի վերջին տնօրեն Գևորգ Գևորգյանը, ում տնօրինության տարիներին էլ հենց սեփականաշնորհվել է «Հայֆիլմ»-ը։
«Այդ պարագայում, մենք այլ ելք չունեինք, քան՝ սպասելը։ Սակայն այժմ, ավելի քան ակնհայտ է, արդեն անհնար է կատարել բոլոր պայմանագրային կետերը, որոնք ներառված են փաստաթղթում, դրանք են նոր ֆիլմերի արտադրությունը, գերհզոր կինոտեխնիկայով ստուդիայի վերազինումը, հիմնանորոգումը, ֆիլմերի պահպանությունը, վերականգնումը, ֆոնդերի արխիվացումն ու նոր նկարահանման տաղավարների կառուցումը։ Այս շարքը կարելի է անվերջ թվարկել»,-ասել է Գ. Գևորգյանը և հավելել, որ ժամկետները ավելի քան սուղ են, և հազիվ թե այդ ամենը իրականացվի մինչև պայմանագրի ավարտը։
Աղբյուրը նշում է, որ տասը տարի առաջ «Հայֆիլմ» կինոստուդիան մասնավորեցվել է ընդամենը 600 հազար դոլարին համարժեք գումարով։ Այն ժամանակ կառավարությունն ու կինոգործիչները լիահույս են եղել, որ նոր սեփականատերը շուտով կսկսի պայմանագրով նախատեսված ներդրումներն ու հիմնանորոգումը, և շատ կարճ ժամանակահատվածում «Հայֆիլմը» կդառնա տարածաշրջանային հզոր կինոստուդիա։ Տասը տարի անց արդեն ոչ միայն չեն կատարվել պայմանագրով նախատեսված պարտավորությունները, այլև ամբողջովին ավերվել է «Հայֆիլմ» կինոստուդիան.․ կինոստուդիայից մնացել է միայն թալանված ու ավերակների վերածված շենքը։
Նշենք, որ ավելի վաղ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանն էլ իր հերթին «Հայֆիլմ» կինոստուդիայի վաճառքի գործարքն անվանել է հանցագործություն. «Դա ցածր արարք էր: Կարելի էր փոխել կինոստուդիայի ֆինանսավորման համակարգը, կառուցվածքը, բայց չգնալ այդ գործարքին»:
Նրա խոսքերով, այն ժամանակ «Հայֆիլմ» կինոստուդիայի վաճառքի դեմ բացահայտորեն արտահայտվում էին ընդամենը երկու հոգի` ինքը և «Ոսկե ծիրան» ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցանը. «Եվս 30 կինոգործիչներ լռությամբ մեզ սատարում էին, վախենալով բացահայտորեն արտահայտել սեփական կարծիքը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան