«Խենթ, միաժամանակ հաճելի փառատոն». Խուզեցին 15 ոչխար
Այսօր «Տաթևեր» ճոպանուղու «Հալիձոր» կայարանի մոտ տեղի ունեցավ «Ոչխարի խուզում» առաջին փառատոնը:Միջոցառման գլխավոր նպատակը տարածաշրջանում հասարակական, տնտեսական, մշակութային և քաղաքացիական գործունեության հնարավորությունների ձևավորումն է: Այն կազմակերպել էին «Տաթևի վերածնունդ» և «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամները:
Խոտ, Շինուհայր, Հալիձոր, Տաթև, Սվարանց, Տանձատափ, Հարժիս գյուղական համայնքները փառատոնին հանդես եկան տաղավարներով` ցուցադրելով գյուղական տեղական արտադրության ապրանքներ, մթերքներ ու խմիչքներ;
«Տաթևի վերածնունդ» ծրագրի տնօրենն ասաց, որ փառատոնի անցկացման նախաձեռնությունը Հայաստանում Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս, «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամի Թիմոթի Սթրեյթն է:
«Նմանատիպ միջոցառման անցկացման գլխավոր նպատակը զբոսաշրջության զարգացումն է: Այն անցկավում է Սյունիքի մարզում, քանի որ այստեղ ոչխարաբուծությունն ու անասնապահությունը բավականին զարգացած են»,- ասաց նա:
Թիմոթի Սթրեյթն իր խոսքում ասաց, որ միջոցառումը խենթ, միաժամանակ հաճելի է:
Ոչխարի խուզման մրցույթին մասնակցել են Սյունիքի մարզի երեք համայնքների` Տաթևի, Հալիձորի և Խոտի երեքական ներկայացուցիչ:
Խուզման բերվել էր ընդամենը 15 ոչխար: Տրված էր 40 րոպե: Առաջին փուլի հաղթող է ճանաչվել Տաթև համայնքի ներկայացուցիչ Բորիս Կոլյանը, ում հաջողվեց ոչխարն ընդամենը 8 րոպեում խուզել: Բուրդը տեղում մանում էին: Այն հանձնվելու է գորգործության նպատակով: