«Անորակ դեկորացիա, բուտաֆորիա, աբսուրդ…». Աֆրիկյանների շենքի տեղափոխման մասին
Երևանի ամենահին շենքերից մեկի` Աֆրիկյանների ակումբի քարերը համարակալված են, շենքը փակած է թիթեղով: Շենքն ապամոնտաժելու հարցում պատկան մարմինները հաստատակամ են, նույնքան հաստատակամ են նաև այն մարդիկ, ովքեր դեմ են շենքի ապամոնտաժմանն ու տեղափոխմանը: Թե ով կհաղթի, ցույց կտա ժամանակը, թեև փորձը այնքան էլ հուսադրող չէ:
Ֆոտոլորագրող Հայկ Բիանջյանը մոտ տասը տարի է լուսանկարում է Երևանի պատմություն հանդիսացող շենքերը: Հայկ Բիանջյանի ֆոտոխցիկը շատ շենքեր է ֆիքսել, որոնք այսօր արդեն պատմական լինելով անցել են պատմության գիրկը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ չէր կարծում, թե Աֆրիկյանների պանդոկի հիասքանչ շենքը ևս կարժանանա այդ ճակատագրին:
«Հույս ունեինք , որ քաղաքապետարանը կհասկանա և կպահպանի այն: Հիմա շենքը պիտի ապանոնտաժվի, քանի որ փողոցը լայնացնելու խնդիր կա: Ո՞ւր էին այս էլիտար շենքերը, երբ Աֆրիկյաններինը կար: Էդ դեպքում թող էլիտար շենքերը հետ տան, կամ փողոցը դարձնեն միակողմանի, արգելեն ավտոկանգառը, հարցը կլուծվի»,- ասաց լուսանկարիչը:
Նա նշեց, որ ապամոնտաժված մյուս շենքերի քարերը տարբեր կազմակերպությունների շինհրապարակներում թափված են արևի ու անձրևի տակ, ոչնչանում են:
«Բուտաֆորիայի նման ուզում են հավաքել, բայց այդ շենքերն էլ հուշարձան չեն: «Հին Երևան» նախագիծը միֆ է»,- կարծիք հայտնեց Հայկ Բիանջյանը:
Նա ժամանակին մի նախագիծ է տեսել, ըստ որի երկու 16 հարկանի բնակելի և հյուրանոցային համալիրներ են կառուցելու. «Այս քաղաքում ավանդույթ է անընդհատ քանդելը, մի օր կենտրոնը կոլապսի մեջ է հայտնվելու»:
«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենք» նախաձեռնության համակարգողներից Սոնա Ասատրյանն էլ ասաց, որ իր համար կարևոր է քաղաքի հիշողություն ստեղծելը. «Հուշելու բան պետք է լինի, ինչպե՞ս կարող ենք հիշողությունը տեղափոխել այլ վայր, ինձ թվում է դա աբսուրդ է: Խոսվում է, որ շենքի տեղափոխումն օրինական է, բայց դա անօրինական է: Շենքը պահպանվում է նաև Եվրոպայի ճարտարապետական պաշտպանության կոնվենցիայով, որը վավերացրել է մեր ԱԺ-ն»:
Նախաձեռնության անդամ, ճարտարապետ Աշոտ Սնղչյանի բնորոշմամբ, այն, որ ապամոնտաժումն անօրինական է, փաստ է:
«Դա հիշեցնում է անորակ թատերական դեկորացիա: Դա իրենց ճարտարապետական բջիջ չի ներկայացնի էլ: Ի՞նչ ունենք, պիտի պահպանենք, առավել ևս Աֆրիկյանների ակումբի պես ճարտարապետական գոհարը»,- ասաց նա: