«Սպասված վերադարձ…». Ջորջ Փեհլիվանյանը ելույթ է ունենալու Հայաստանում
«Սպասված վերադարձ…». այսպես է վերնագրված աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանի ղեկավարությամբ կայանալիք Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը:
«Դիրիժորը 15 տարի է չի եղել Հայաստանում, բայց մեծ ցանկություն է ունեցել իր 50-ամյա հոբելյանի առիթով գոնե մեկ համերգ ունենալ Հայաստանում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը:
Նրա խոսքով, համերգի ծրագիրը կազմվել է հենց դիրիժորի ցանկությամբ՝ Չայկովսկի, Միրզոյան, Կոմիտաս:
Ն. Նազարյանը նշեց, որ Ջորջ Փեհլիվանյանն աշխարհի մասշտաբով հայտնի դիրիժոր է, թեև Հայաստանում հնարավոր է այնքան էլ լավ չեն ճանաչում նրան:
«Նա բեյրութահայ է, Լորիս Ճգնավորյանի միջոցով մեկ-երկու անգամ է ելույթ ունեցել այստեղ»,- հայտնեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրենը:
Ֆրանսիական «Մոնդ», «Ֆիգարո» և այլ թերթեր Ջ. Փեհլիվանյանի մասին գրել են. «Փեհլիվանյանը գյուտ է, որին պետք է հետևել, նա անուրանալի անհատականություն է, որն իր տաղանդով գերազանցեց մրցակիցներին»:
«Սպասված վերադարձ» համերգը տեղի կունենա հունիսի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Դիրիժոր, ջութակահար Ջորջ Փեհլիվանյանը (ծն. 1964թ., Բեյրութ) 1975-ից ապրել է ԱՄՆ-ում, 1995-ից՝ Փարիզում: Ջորջ Փեհլիվանյանը ավարտել է Լոնգ Բիչի և Ինդիանայի համալսարանը՝ստանալով ջութակահարի և նվագավարի երկու վկայականներ: Հանդես է եկել իբրև մենակատար և Ինդիանայի «ՊրոՄյուզիք» նվագախմբի կոնցերտմեյստեր:
1991թ. սեպտեմբերին մասնակցել է Բզանսոնի (Ֆրանսիա) նվագավարների միջազգային մրցույթին՝արժանանալով առաջին և միակ մրցանակին: Ի դեպ, տարիների ընթացքում նա առաջին ամերիկացին է, որ արժանացել է այդ պատվավոր մրցանակին: Ջորջի երգացանկում են Վիվալդի, Բախ, Հայդն, Մոցարտ, Բեթհովեն, Պագանինի, Բրամս, Բարտոկ, Ստրավինսկի, Չայկովսկի՝ոգեկոչելով նաև Կոմիտաս ու Խաչատրյան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու