Դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանն ավելի քան 13 տարի Երևանում չի եղել. «Շշմած եմ»
«Շշմած էի, մտածում էի չի կարող սա Երևանը լինել: Զարմացած ու հիացած եմ»: Այսպիսին է եղել աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանի առաջին արձագանքը, երբ ոտք է դրել «Զվարթնոց» օդանավակայան: Նա Հայաստանում չի եղել ավելի քան 13 տարի:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ջորջ Փեհլիվանյանն ասաց, որ Երևանը նմանվել է եվրոպական քաղաքի, անճանաչելիորեն փոխվել է:
«13 տարի Հայաստանում ելույթ չեմ ունեցել, որովհետև հրավեր չեմ ունեցել: Ես չեմ սիրում ինձ ներկայացնել, ցուցադրել: Ուր հրավիրում են, այնտեղ եմ ելույթ ունենում: Իսկ Հայաստան 13 տարի ինձ չեն հրավիրել, եթե հրավեր լիներ, ավելի շուտ կգայի»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ՀՀ-ում այսքան տարի ելույթ չի ունեցել:
Ջորջ Փեհլիվանյանն այս անգամ հրավեր է ստացել Հայաստանի պետական կամերային նվագախմբից: Հունիսի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը ղեկավարելու է հենց Ջորջ Փեհլիվանյանը: Նա շատ ուրախ է, որ իր 50-ամյակը նշում է Երևանում՝ հայ հանդիսատեսի հետ միասին: Համերգին հնչելու է Չայկովսկի, Միրզոյան, Կոմիտաս: Ծրագիրը դիրիժորի սրտով է:
Ջորջ Փեհլիվանյանը շատ է ցանկանում, որ համերգին մեծ թվով երիտասարդներ ներկա լինեն. «Երիտասարդ սերունդն ինձ միգուցե այնքան էլ լավ չի ճանաչում, բայց ավելի ավագ սերունդն ինձ հետ ծանոթ է: Ես Հայաստանում ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ էի ունենում 1993 թվականին, այդ դժվարին տարիներին, երբ երաժիշտները ոտքով էին հասնում փորձերի: Ես նրանցից անընդհատ էլ ավելին էի պահանջում, էլ ավելին, իսկ նրանք ինձ կրկնակին էին հետ տալիս»:
Ջորջ Փեհլիվանյանը Երևանում իր որդու հետ է. «Նա առաջին անգամ է Հայաստանում: Մենք տանը մշտապես հայերեն ենք խոսում, քանի որ հայի ոգին հնարավոր է պահել միայն լեզուն իմանալով, մայրենի լեզվով խոսելով: Երեխաներիս մայրը ֆրանսիացի է: Ես տղայիս ասեցի, որ ուշադրություն դարձնի հայ աղջիկներին: Նրանք շատ անուշիկ են, նրանց գեղեցկությունը ներսից է գալիս»:
Դիրիժոր, ջութակահար Ջորջ Փեհլիվանյանը (ծն. 1964թ., Բեյրութ) 1975-ից ապրել է ԱՄՆ-ում, 1995-ից՝ Փարիզում: Ջորջ Փեհլիվանյանը ավարտել է Լոնգ Բիչի և Ինդիանայի համալսարանը՝ստանալով ջութակահարի և նվագավարի երկու վկայականներ: Հանդես է եկել իբրև մենակատար և Ինդիանայի «ՊրոՄյուզիք» նվագախմբի կոնցերտմեյստեր:
1991թ. սեպտեմբերին մասնակցել է Բզանսոնի (Ֆրանսիա) նվագավարների միջազգային մրցույթին՝արժանանալով առաջին և միակ մրցանակին: Ի դեպ, տարիների ընթացքում նա առաջին ամերիկացին է, որ արժանացել է այդ պատվավոր մրցանակին: Ջորջի երգացանկում են Վիվալդի, Բախ, Հայդն, Մոցարտ, Բեթհովեն, Պագանինի, Բրամս, Բարտոկ, Ստրավինսկի, Չայկովսկի՝ ոգեկոչելով նաև Կոմիտաս ու Խաչատրյան:
Նախորդող հրապարակում՝
«Սպասված վերադարձ…». Ջորջ Փեհլիվանյանը ելույթ է ունենալու Հայաստանում