Ծիրանօրհնեք ու կարմիր գորգ. «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մեկնարկը տրված է
Ծիրանօրհնեքի արարողություն՝ Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» կինոնկարի ցուցադրություն՝ Մոսկվա կինոթատրոնում, կարմիր գորգ՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում, բացման արարողություն՝ հենց օպերային թատրոնում: Մեկնարկեց «Ոսկե ծիրան» երևանյան 11-րդ միջազգային կինոփառատոնը:
«Մասնակցել եմ հարյուրավոր փառատոների, ոչ մի տեղ այսպիսի ջերմություն չեմ զգացել, ոչ մի քաղաքում նման ձևով չեն ընդունել հյուրերին»,- Ծիրանօրհնեքի արարողությունից հետո լրագրողներին ասաց փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:
«Մոսկվա» կինոթատրանում նախքան ֆիլմի ցուցադրությունը, կայացավ Սերգեյ Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին ուկրաինացի հայտնի կինոռեժիսոր Յուրի Հարմաշի հեղինակած եզակի լուսանկարները, «Կար-չկար՝ մի Փարաջանով» գրքի շնորհանդեսը: Առաջին անգամ հայերեն տպագրվել է Սերգեյ Փարաջանովի «Սուրամի ամրոցի լեգենդը», «Աշուղ Ղարիբ» և «Խոստովանություն» (անավարտ) ֆիլմերի հնչյունային ռեժիսոր Գարրի Կունցևի հուշապատում վիպակը: Գրքում զետեղված են նաև Յուրի Հարմաշի լուսանկարները:
Նշենք, որ փառատոնն այս տարի նվիրվում է աշխարհահռչակ հայազգի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի հիշատակին՝ ի պատիվ մեծանուն արվեստագետի 90-ամյա հոբելյանի:
Փառատոնի բացման արարողությունը ներկա էին կիոնոլորտի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ: Ներկա էր նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Միջոցառման մասնակիցները նույն կարծիքին էին՝ սպասված փառատոն է, սիրված բոլորի կողմից, հնարավորություն է տալիս հայ հանդիսատեսին ծանոթանալ համաշխարհային կինոարվեստին, իսկ հենց կինոոլորտի ներկայացուցիչներին`շփվել հայտնի ռեժիսորների, պրոդյուսերների հետ, նաև համագործակցելու հնարավորություն է տալիս:
Նշենք, որ այս տարի «Ոսկե ծիրանը» կցուցադրի շուրջ 300 ֆիլմ՝ մրցութային և արտամրցութային ծրագրերի շրջանակում: Կկայանան միջազգային հեղինակավոր կինոփառատոների հաղթող ֆիլմերի երևանյան պրեմիերաներ, հետահայաց ցուցադրությունների ծրագրերով Երևան կժամանեն անվանի կինոգործիչներ Կիմ Կի-Դուկը, Օթար Իոսելիանին, Ամոս Գիտայը, Ցզյա Չժան-կեն: Փառատոնի պատվավոր հյուրերի կազմում ընդգրկված են նաև Քշիշտոֆ Զանուսին, Մարկո Մյուլլերը, Ադամ Միխնիկը, ինչպես նաև Աննա Մուգլալիսը, Քրիստիան Բերգերը:
Փառատոնի ֆիլմերը կներկայացվեն մրցութային և արտամրցութային ծրագրերով. մրցութային ծրագիրը կկայանա ավանդական չորս` «Միջազգային խաղարկային», «Միջազգային վավերագրական», «Հայկական համայնապատկեր» և «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգերում: Արտամրցութային ծրագրերը կներկայացնեն ավանդական «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադություններ», «Հարգանքի տուրք», «Հայեր. Հայացք դրսից և ներսից», «Ֆիլմեր առանց սահմանների», ինչպես նաև այս տարի առաջին անգամ իրականացվող «Սոցիալական փոփոխությունների կինո», «Նոր գերմանական կինո» և «Ուկրաինական պոետիկ կինո» ծրագրերը:
Նախորդող հրապարակումներ՝
«Ոսկե ծիրան»՝ փառատոն փառատոնի մեջ, նորություններ ու երևանյան միջոցառումներ
«Ոսկե ծիրան». Անվանի կինոգործիչներն անցկացնելու են վարպետության դասեր
«Ոսկե ծիրան». «Արտադրական հարթակները կարևոր են ցանկացած փառատոնի համար»
«Ոսկե ծիրան»-դեսպանություններ համագործակցությունը շարունակվում է
«Ոսկե ծիրան». Ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիին կհանձնվի Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Եղիցի լույս» մրցանակը
«Ոսկե ծիրան». Լավ կլինի «Գրատախտակ» ֆիլմը նայեն նաև կրթության ոլորտի պատասխանատուները
«Ոսկե ծիրան» 11-րդ փառատոն. Սպասված, սիրված ու կինոքարտեզի վրա հաստատված
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում