Թատրոնի միջազգային ինստիտուտի 34-րդ համաշխարհային կոնգրեսն անցկացվում է Երևանում
Երևանում մեկնարկել է Թատրոնի միջազգային ինստիտուտի (ՅՈՒՆԵՍԿO) 34-րդ համաշխարհային կոնգրեսը` «Նոր ձայներ, նոր հանդիսատես. ժամանակն է երկխոսության» կարգախոսով: ՀՀ-ի Թատերական գործիչների միության տարածած հաղորդագրության համաձայն, այն աննախադեպ ֆորում է, որի անցկացումը մեծ իրադարձություն կդառնա մեր մշակութային և քաղաքական կյանքում:
Կոնգրեսին մոտ 300 պատվիրակ է ժամանելու Ասիայից, Եվրոպայից, Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից: Կոնգրեսի ընթացքում նախատեսվում են միջազգային պարային և թատերական նախագծեր, վարպետության դասընթացներ, շնորհանդեսներ, տարբեր կարգի հանդիպումներ և այլն: Երեկոյան ժամերին պատվիրակները, իրենց նախընտրությամբ, ներկայացումներ կդիտեն մեր թատրոններում, կծանոթանան Հայաստանի թատերական գործիչների հետ: Կոնգրեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 22-ը:
Միջազգային թատերական ինստիտուտը (ՄԹԻ) աշխարհում կատարողական արվեստի ամենամեծ կազմակերպությունն է: Այն ունի մոտավորապես 100 կենտրոն և կազմակերպության անդամներ ողջ աշխարհով մեկ: Միջազգային թատերական ինստիտուտի ծրագրերը գեղարվեստական, կրթական ու մարդասիրական են: Ինստիտուտի նպատակն է խթանել միջազգային գիտելիքի փոխանակումը և թատերական արվեստի պրակտիկան, որի շնորհիվ ձգտում է ամրապնդել խաղաղություն և ժողովուրդների միջև բարեկամություն, խորացնել մարդկանց փոխըմբռնումը, բարձրացնել թատերական արվեստի բոլոր ներկայացուցիչների ստեղծագործական համագործակցությունը: Կազմակերպության անդամները ներգրավված են համատեղ միջազգային նախագծերում ու կենտրոններում և կազմակերպում են փառատոներ, գիտաժողովներ, աշխատաժողովներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները