«Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» ֆիլմը՝ հզոր գործիք հայ դիվանագետների համար
«Բաքվում հայերի ցեղասպանությունը մնում է մեր տարածաշրջանի մութ էջերից մեկը, այդ ժամանակաշրջանում իրականացված անհայտ էջերից մեկը»,- «Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» ֆիլմի շնորհանդեսին ասաց «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար, ֆիլմի սցենարի համահեղինակ, ռեժիսոր Մարինա Գրիգորյանը: Ֆիլմը նվիրված է Բաքվի ջարդերի 25-ամյակին:
Նա նշեց, որ այս օրը նշվում է որպես Բաքվում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակման օր: «Ֆիլմում ներկայացված պատմությունները նոր լույս են սփռում Բաքվի ցեղասպանության անհայտ, չհետազոտված էջերի վրա: Բաքվի ջարդերը երբեք չեն հետաքննվել, քրեական գործ չի հարուցվել, ոչ մեկը չի պատժվել, Բաքվի պաշտոնական քարոզոչություն խեղաթյուրում է դեպքերի ընթացքը, իրականությունը»,- ասաց Մ. Գրիգորյանը:
Նրա խոսքով, Բաքվի ցեղասպանության մասին քիչ են փաստաթղթերը, նկարները, իսկ տեսագրություններ ընդհանրապես չկան:
«Այս տեսակետից շատ կարևոր է այս ֆիլմը, որտեղ ներկայացված է Բաքվի փախստականների հիշողությունները»,- նշեց նախագծի ղեկավարը:
«Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» ֆիլմի համար, ըստ նրա, հիմք է ծառայել Բաքվի փախստականների հետ հարցազրույցը, որոնց նկարահանումն անցկացվել է ԱՄՆ-ում՝ նախագծի նկարահանող խմբի կողմից: Ֆիլմում օգտագործվել է հիշատակված վկայությունների մի փոքր մասը: Վկայություններն ամբողջությամբ տպագրվելու են ընթացիկ տարվա ամռանը հրատարակվելիք ժողովածուում:
Մ. Գրիգորյանի ներկայացմամբ, ֆիլմի կոնցեպտուալ գաղափարը Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբի իրադարձությունների և Ադրբեջանում ու Լեռնային Ղարաբաղում հայերի հետ կատարվածի միջև անքակտելի կապն է: «Փախստականներից գրեթե բոլորն ընդգծում էին, որ իրենց նախնիներն Արևմտյան Հայաստանից են, Արցախից են: Այսինքն նրանց նախնիներն էլ վերապրել են ցեղասպությունը, դարձել են փախստական»,- նշեց նա՝ հավելելով, որ փախստականների հուշերը` դարասկզբին Արևմտյան Հայաստանում կոտորածի ենթարկված նախնիների մասին, վկայում են Ադրբեջանի կողմից Թուրքիայի վարած քաղաքականության որդեգրման և հայ ժողովրդի դեմ իրականացված, մի ամբողջ դար ձգվող ցեղասպանության շարունակականության մասին:
Ըստ նրա, փախստականների վկայությունները կասկած անգամ չեն թողնում, որ հայերի նկատմամբ բռնությունն ու սպանությունները Բաքվում սկսվել են Սումգայիթի դեպքերից անմիջապես հետո, իսկ ահա 1990 թվականի հունվարը դարձել է Բաքվի 250 հազար հայերի ցեղասպանության ու վտարման գագաթնակետը:
Մ. Գրիգորյանի խոսքով, ծանր էր այդ մարդկանց ներկայացնել այն, ինչ իրենք ապրել են, վերապրել այդ սարսափը, միաժամանակ շնորհակալություն էին հայտնում Հայաստանի իշխանություններին, որ 25 տարի անց սկսցին այս նախաձեռնությունը:
Նա նշեց, որ ֆիլմը, նաև լույս տեսնող գիրքը ոչ միայն կներկայացնեն Բաքվի հայերի պատմությունները, այլ նաև հզոր գործիք է մեր դիվանագետների, քարոզչության համար, որովհետև առավել ևս այսօր անհրաժեշտ է ներկայացնել ճշմարտությունը, երբ Ադրբեջանը փորձում է տարածաշրջանի պատմությունը խեղաթյուրել և ներկայացնել այլ կերպ:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր նախագահ, ֆիլմի սցենարի համահեղինակ Լարիսա Ալավերդյանն էլ ասաց, որ ադրբեջանահայ փախստականների մասին Մադրիդյան սկզբունքներում որևէ խոսք չկա: «Ադրբեջանը պատասխանատվության չի ենթարկվել այս ցեղասպանության համար: Անպատժելիությունը մեր պասիվության հետևանք է: Մեր պատկան մարմինների խնդիրն է պետական մակարդակով բարձրացնել այս հարցը»,- ասաց նա:
Ֆիլմը թարգմանված է ռուսերեն և անգլերեն, նախատեսվում են այլ լեզուներով թարգմանություններ ևս: Բաքվի հայերի ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումը, որն ընդգրկում է նշված ֆիլմի ցուցադրությունը, անցկացվելու է ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում:
Ֆիլմի պրեմիերան կայանալու է այսօր «Արմենիա» հեռուստաընկերության եթերում:
«Մեկ դար ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» ֆիլմը 6-րդն է` «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում ստեղծված ֆիլմերի շարքում: Նախագիծն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: 2009 թվականի նոյեմբերից մեկնարկել է Սումգայիթի, Մարաղայի, «Օղակ» գործողության վերաբերյալ հինգ լեզուներով վավերագրական ֆիլմաշարը, հիմնվել ու գործարկվել է Karabakhrecords կայքը: Հրատարակվել, վերահրատարակվել ու թարգմանվել են մի շարք գրքեր: Նախագծի շրջանակներում պատրաստվել են եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) բրոշյուրներ, որոնք ներառում են տեղեկություններ «Սովորական ցեղասպանություն» նախագծում ընդգրկված իրադարձությունների մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան