Աշխարհահռչակ դաշնակահար Անտոնիո Կոնսալեսը պաշտում է Արամ Խաչատրյանի արվեստը
Իտալացի ճանաչված դաշնակահար Անտոնիո Կոնսալեսը փետրվարի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացնի Ռախմանինովի թիվ 2 դաշնամուրի կոնցերտը՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար: Համերգային երեկոյի դիրիժորն է ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Անտոնիո Կոնսալեսը պատմեց, որ դեռ 2014-ին էր նախատեսված իր համերգը Հայաստանում՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին, սակայն մահացավ իր մայրը և չէր կարողացավ գալ Երևան:
«Ուրախ եմ, որ այսօր Հայաստանում եմ: Սա իմ առաջին այցելությունն է ձեր երկիր: Գիտեմ, որ այս տարի նշում եք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հայերի համար կարևոր տարի է»,- ասաց դաշնակահարը:
Անտոնիո Կոնսալեսը պաշտում է Արամ Խաչատրյանի ստեղծգործությունները:
«Իտալիայի կոնսերվատորիայում սովորեցնում են Խաչատրյանի գործերը: Փոքր տարիքում մասնակցել եմ մրցույթների, նվագել եմ Խաչատրյանի ստեղծագործություններից»,- նշեց նա:
Դաշնակահարը նաև նմանություն է գտել Հայաստանի և Իտալիայի միջև, հատկապես Իտալիայի հարավի, որտեղից նաև ինքն է:
Անտոնիո Կոնսալեսն իր նվագած երաժշտությամբ ոչ միայն հաճույք է պատճառում մարդկանց, այլ նաև օգնում է:
«Աշխատել եմ Ամերիկայում մի սրտաբանական կլինիկայում, որտեղ երաժշտությամբ բուժում էին մարդկանց: Համերգներից հետո կատարվել են փորձեր և պարզվել է, որ երաժշտությունը սրտային հիվանդություն ունեցող մարդկանց բուժման վրա դրական ազդեցություն է գործել»,- ասաց նա:
Անտոնիո Կոնսալեսը փետրվարի 6-ին Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում
հանդես է գալու վարպետության դասով՝ լավագույն դաշնակահարների համար, իսկ փետրվարի 7-ին նույն տեղում կայանալու է դաշնակահարի մենահամերգը:
Անտոնիո Կոնսալեսը դեռ վաղ տարիքից հանդես է եկել միջազգային հեղինակավոր փառատոներում և մրցույթներում ՝ արժանանալով գլխավոր մրցանակների: Ունենալով լայնածավալ խաղացանկ, որը ներառում է հատկապես Բախի և դասական այլ կոմպոզիտորների, ինչպես նաև ուշ ռոմանտիզմի մոնումենտալ ստեղծագործություններ և հատուկ ուշադրություն դարձնելով ռուսական երաժշտական դպրոցին՝ Սկրյաբին, Ռախմանինով, Բալակիրև, Մուսորսկի, Անտոնիո Կոնսալեսը հանդես է եկել տարբեր ծրագրերով ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Գերմանիայում, Հունաստանում և այլուր: Երաժիշտը աշխարհի տարբեր երկրներում հաճախ անցկացնում է նաև վարպետության դասեր:
Անտոնիո Կոնսալեսի կատարումները երաժշտագետների կողմից մշտապես բարձր գնահատականի են արժանանում: Ստեղծագործությունների մեկնաբանումները նրա կողմից միշտ անկանխատեսելի են, հաճախ նորարարական, սակայն միշտ ներդաշնակ, բնական և համոզիչ: