Իտալացի դաշնակահարի Անտոնիո Կոնսալեսի հայաստանյան համերգը չի կայացել. «Նա սփրթնել էր, շրթունքները կապտել էին, դողում էր»
Իտալացի ճանաչված դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի՝ փետրվարի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախատեսված համերգը չի կայացել: Նա ելույթ էր ունենալու Օպերայի և բալետի թատրոնի նվագախմբի հետ: Իտալացի արվեստագետը դուրս չի եկել բեմ:
«Պատճառը ոչ թե արվեստագետի հիվանդ լինել է, ինչպես հայտարարել են, այլ նվագախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Հայաստանի վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի և դաշնակահարի միջև առաջացած լարվածությումը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թատրոնի բեմադրիչ, համերգի պրոդյուսեր Մարինա Սարգսյանը:
«Իտալացի դաշնակահարը հիացած էր Հայաստանով, մեր հյուընկալությամբ: Որևէ խնդիր չի եղել մինչև համերգից երկու ժամ առաջ: Համերգի առաջին օրը նվագախմբի հետ փորձ է արել: Ամեն ինչ նորմալ է եղել: Դուրգարյանն ու Անտոնիո Կոնսալեսը գոհ են եղել փորձից: Դուրգարյանը խնդրել է, որ առավոտյան պայմաններ ստեղծենք, որպեսզի դաշնակահարը էլի փորձ անի: Մենք ստեղծեցինք այդ պայմանները: Փորձից հետո գնացել էր հանգստանալու: Ժամը հինգ անց կես Անտոնիոյին ուղեկցում էի թատրոն: Մինչ այդ զանգել էին ու ասել, թե Դուրգարյանն ասում է՝ ուր է դաշնակահարը: Ես ասեցի որ հինգ րոպեից կլինի: Նա ասել է` տաս րոպե է տալիս, չլինելու դեպքում նվագախմբին տուն է ուղարկում: Կոնսալեսը հարցրել է, թե ինչո՞ւ էր գոռգոռում Դուրգարյանը, իսկ Դուրգարյանը նշել է, թե Կոնսալեսը մեղավոր չէ, մեղավորը պրոդյուսերն է: Այնուհետև նրանք մտան դահլիճ` փորձի, իսկ ես դուրս եկա»,-պատմում է Մ. Սարգսյանը:
Նրա ներկայացմամբ, տաս րոպեից դահլիճից դուրս է գալիս Դուրգարյանն ու ասում, որ համերգը չի կայանալու, այդ մարդը չի կարողանում նվագել, Անտոնին էլ ասում է, որ իրեն գցել են սթրեսի մեջ:
«Հարցնում եմ, ի՞նչ է եղել, Անտոնին ասում է որ նախապես ծրագրած, փորձած տեմպերը փոխել է, արագացնում է: Դաշնակահարն ասում է՝ կատաստրոֆա է»,- նշեց նա:
Մ. Սարգսյանի խոսքով, Կոնսալեսն իրեն շատ վատ էր զգում, սփրթնել էր, շրթունքները կապտել էր, անընդհատ ասում էր, որ ուզում է դուրս գալ. «Մենք նրան ուղղակի փախցրեցին թատրոնից»:
Ասուլիսին ներկա Ա. Կոնսալեսի մենեջեր Դավիթ Խաչատրյանն էլ ասաց, որ համերգը բարեգործական պետք է լիներ, դաշնակահարն իր միջոցներով էր եկել, համերգի տոմսերի գումարը մնալու էր օպերային թատրոնին:
«Նա ուղղակի ցանկություն ուներ ելույթ ունենալ Հայաստանում, հայ-իտալական մշակութային կապերն ավելի ընդլայնել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ այդ օրն իր մասնակցությամբ օպերային թատրոնում ծեծկռտուք է եղել, Դ. Խաչատրյանը պատմեց. «Ես օպերային թատրոն եկա ժամը 19:00-ի մոտ: Մթնոլորտը լարված էր: Ում հարցնում եմ՝ ի՞նչ է եղել, որևէ մեկը չի պատասխանում: Տեսնում եմ դողդղացող Անտոնիա Կոնսալետին, Մարիանային, ով լացում է: Դուրս եմ գալիս ու հարցնում եմ, ո՞վ է այս մարդուն վիրավորել: Որևէ մեկը կրկին չի արձագանքում: Բնականաբար ձայնս բարձրացրեցի: Օպերային թատրոնի հիմնադրամի տնօրեն Շմավոն Գրիգորյանն ասում է, թե ինչո՞ւ եմ գոռում: Ասում եմ՝ լավ եմ անում, որևէ մեկը չի՞ պատրաստվում բացատրել, թե ինչ է այստեղ տեղի ունեցել: Քաշքշուկ եղավ: Մեզ բաժանեցին: Դա եղել է ամենավերջում, երբ որ խայտառակությունն արդեն տեղի էր ունեցել: Այս քաշքշուկը եղել է այդ դեպքից հետո, դեպքի արդյունք է, ոչ թե պատճառ, ինչպես տարածում են»:
Նրա և Մարինայի կարծիքով, Կ. Դուրգարյանի կողմից նախապես պլանավորված է եղել այս համերգը ձախողել:
«Կարեն Դուրգարյանը, Շմավոն Գրիգորյանը, Հրաչյա Գրիգորյանը, նրանք իրենց նախագծեր ունեն, մարդիկ են հրավիրում: Այն հանգամանքը, որ ես կարողացա աշխարհահռչակ դաշնակահարի հրավիրել Հայաստան, նրանց դուր չի եկել, իրենք չեն կարողանում կազմակերպել բարձր մակարդակի ընդունելություն, չեն կարողանում անել կազմակերպչական փայլուն գործ: Իմ և Դուրգարյանի հարաբերությունները սրվեց այն ժամանակ, երբ արդեն 100 տոկոս փաստ էր, որ այդ մարդն իջավ Երևան»,- ասաց Մ. Սարգսյանը:
Թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը, ըստ նրանց, արել էր ամեն ինչ, որպեսզի համերգը տեղի ունենար: Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ քայլերի է դիմել տնօրենը, արդյո՞ք չի պատրաստվում Դուրգարյանի հետ զրուցել ու պարզել, թե ի՞նչ է եղել, պատասխանեցին, որ տեղյակ չեն, իսկ Դուրգարյանն էլ չի ցանկանում շփվել լրատվամիջոցների հետ:
Նրանք ընդգծեցին, որ այնուհանդերձ, Անտոնիո Կոնսալեսն առաջիկա ամիսների ընթացքում ելույթ կունենա հայ հանդիսատեսի համար, իրենք կկազմակերպեն այդ համերգը Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:
Փետրվարի 6-ին և 7-ին դաշնակահարը վարպետության դասեր է անցկացրել Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում, որոշել է, որ դպրոցի սաներից մեկի հետ Իտալիայում համերգով հանդես գալ:
Նախորդող հրապարակում՝
Աշխարհահռչակ դաշնակահար Անտոնիո Կոնսալեսը պաշտում է Արամ Խաչատրյանի արվեստը