Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը պահել է հայերին տված խոստումը
Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը «Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում ապրիլի 2-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա մենահամերգով:
Ծրագրում կհնչեն Բեթհովենի սոնատթիվ 21-ը, Պրոկոֆևի սոնատթիվ 4-ը, Շոպենի նոկտյուրները, ինչպես նաև մազուրկաները, Լիստի Ռակոցի-մարշը: Panorama.am-ի հետ զրույցում «Երևանյան հեռանկարներ» փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանն ասաց, որ նախորդ այցի ժամանակ դաշնակահարը խոստացել էր մի քանի տարի հետո կրկին վերադառնալ Հայաստան. «Մենք ամիսներ առաջ բարի լուր ստացանք իրենից, որ ապրիլին նա Հայաստան կգա նոր ծրագրով, որն այս տարի ներկայացնելու է նաև աշխարհի ամենամեծ բեմերում»:
Դաշնակահար Եվգենի Կիսինը ծնվել է 1971 թ. Մոսկվայում, ռուսական հրեաների ընտանիքում։ Վեց տարեկանում ընդունվել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական դպրոցին կից շնորհալի երեխաների հատուկ քոլեջը՝ աշակերտելով Աննա Պավլովնա Կանտորին, որը նրա միակ ուսուցիչն է։ Տասը տարեկան հասակում կատարել է իր դեբյուտը՝ նվագելով Մոցարտի Դաշնամուրի կոնցերտը, իսկ մեկ տարի անց Մոսվկայում հանդես եկել մենահամերգով։ Հանդես է եկել մի շարք հեղինակավոր համերգասրահներում՝ անվանի նվագախմբերի հետ: Կիսինն արժանացել է բազմաթիվ երաժշտական պարգևների և պատիվների։
Հիշեցնենք, որ Եվգենի Կիսինը «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում մենահամերգով հանդես էր եկել Հայաստանում 2012 թ. սեպտեմբերի 27-ին: Ե. Կիսինը Հայաստանում եղել է 1984 թ: 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո դաշնակահարը բազմաթիվ բարեգործական համերգներ է տվել, որոնց ողջ հասույթը տրամադրել է երկրաշարժից տուժածներին:
«Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի այս տարվա բոլոր համերգներն նվիրվելու են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Փառատոնը անց է կացվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո ՀՀ Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում