Գաֆէսճեանում այս տարվա ցուցահանդեսային ծրագիրն ամբողջովին նվիրված է հայ արվեստին. Ա. Մարաբյան
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի այս տարվա ցուցահանդեսային ծրագիրն արդեն պատրաստ է:
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի 2015 թվականի ցուցահանդեսային ծրագիրն ամբողջովին նվիրված է հայ արվեստին և ներկայացնելու է հայ ժամանակակից արվեստագետների Հայաստանից և Սփյուռքից: «Սահակ Պողոսյան. մեծ մորս աչքերի լռությունը» ցուցադրությունը միակն է, որն անմիջականորն առնչվում է Հայոց ցեղասպանության թեմային: Այս տարվա ընթացքում Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կկազմակերպվեն նաև Սարգիս Համալբաշյանի, Տիգրան Ցիտողձյանի, Արտո Չախմախչյանի, Կամո Նիգարյանի աշխատանքների, ինչպես նաև Վազգեն Բրուտյանի նախագծի ցուցադրությունները»,- Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց կենտրոնի հանրային ծրագրերի գծով փոխտնօրեն Աստղիկ Մարաբյանը:
Նա հայտնեց, որ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվելու է այս տարվա առաջին ցուցահանդեսը՝ «Սահակ Պողոսյան. մեծ մորս աչքերի լռությունը»: Այն առաջին անգամ ներկայացնում է հայ ժամանակակից արվեստագետ Սահակ Պողոսյանի «մեծ մորս աչքերի լռությունը» նախագիծը, որում արվեստագետը յուրովի նյութականացրել է Հայոց ցեղասպանության շարունակվող ներկայության իր վերապրումը:
«Մեծ մորս աչքերի լռությունը» նախագիծը պատկերում է արվեստագետի՝ Եղեռնը վերապրած մեծ մոր երբևէ չպատմված պատմությունը, որը որքան անձնական, այնքան էլ համընդհանուր անդրադարձ է ցավագին լռության մեջ տարիներ շարունակ հարատևած ոճիրին: Արվեստագետի ազդեցիկ ստեղծագործ ուժով երևան է հանվում հազարավոր չլսված ձայներից մեկը, որը երբեք այլևս չի լռեցվի:
Ցուցադրությունը կազմակերպվել է արվեստագետի՝ Սահակ Պողոսյանի և ցուցադրության համադրող արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանի հետ համատեղ:
«Սահակ Պողոսյան. մեծ մորս աչքերի լռությունը» ցուցադրությունը կտևի մինչ 2015 թվականի մայիսի 31-ը: Ցուցադրության մուտքն անվճար կլինի մարտի 13-15-ը:
Սահակ Պողոսյանը ծնվել է Երևանում 1959 թվականին: Երևանի արվեստի և թատրոնի պետական ինստիտուտը 1983 թվականին ավարտելուց ի վեր՝ նա հայաստանյան ժամանակակից արվեստի կարևորագույն ներկայացուցիչներից է: Նրա հիմնական անհատական նախագծերից են «Մեր բոլորի Մայրենիքը» (Գևորգյան պատկերասրահ, Երևան, Հայաստան, 2003), «Մարդ-Դրամ» (Հարվեստ պատկերասրահ, Լոս Անջելես, ԱՄՆ, 2006), «Արևելյան գեղեցկություն» (Ակումբ, Երևան, Հայաստան, 2009): Խմբային ցուցադրությունների ընտրանի. «Միջազգային քանդակի կվադրենալե» (Ռիգա, Լատվիա, 1987), «3-րդ հարկի» ցուցադրություն (France Liberties Հիմնադրամ, Փարիզ, Ֆրանսիա, 1989), «Հայաստանի ժամանակակից արվեստը» (Գոյակ ցուցասրահ, Մոսկվա, Ռուսաստան, 1991), «Նկարից այն կող» (Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան, 2011): 2005թ. Սահակ Պողոսյանը Հռոմի պապ Բենեդիկտոս 16-ի կողմից արժանացել է հատուկ դիպլոմի՝ Գլենդելի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական կաթոլիկ եկեղեցու ձևավորման համար: