«Եվրատեսիլ-2015». «Genealogy» խմբի Հայաստանի մասնակիցը հայտնի է (տեսանյութ)
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի բոլոր վեց անդամներն արդեն հայտնի են: Հայաստանը ներկայացնելու է Ինգա Արշակյանը: Հենց նա այս տարի եվրատեսիլյան բեմում կմիավորի երկրագնդի 5 աշխարհամասերը խորհրդանշող խմբի անդամներին: Այս մասին հայտնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ Հայաստանն այս տարի որոշել է մրցույթին ներկայանալ նոր ձևավորվելքի «Genealogy» խմբով՝ համախմբելով 1915 թ-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանի մասնակիցը կհամախմբի թերթիկները: Երգի վերնագիրն է՝ «Don’t deny» («Մի՛ ժխտիր»):
Եվրոպա աշխարհամասը ներկայացնում է ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանը, Ամերիկան` Թամար Կապրելյանը, Աֆիկան` եթովպահայ Վահե Թիլբյանը, Ասիան՝ Ստեֆանի Թոփալյանը, Ավստրալիան՝ օպերային երգչուհի Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը:
Այսօր կայացավ նաև «Genealogy» խմբի «Don't deny» երգի տեսահոլովակի պրեմիերան:
«Don’t deny» երգի երաժշտության հեղինակն է Արմեն Մարտիրոսյանը, խոսքերինը՝ Իննա Մկրտչյանը: Տեսահոլովակի ռեժիսորն է Արեն Բայադյանը:
Տեսահոլովակի հիմքում ծագումնաբանության գաղափարն է, ներկայացված գերդաստանը դիտարկվում է որպես մարդկության խորհրդանիշ, իսկ հիմքում ընկած է սերնդափոխության ֆենոմենը: Նոր սերունդը մշտապես փոխարինում է ավագ սերնդին՝ շարունակելով կրել ավանդույթներն ու արժեքները:
Տեսահոլովակում որպես կապող օղակ ստեղծագործական խումբն օգտագործել է հայկական մանրանկարչության զարդանախշի ասեղնագործության ընթացքը: Խաղաղության, ազատության ու բարի լուրի խորհրդանիշ թռչունը բերանում պահում է ծառի ճյուղ, ինչն էլ զուգակցվում է գերդաստանում` աշխարհում, խաղաղության ու ավետիսի տարածման, ազգերի միասնության ու պահպանման գաղափարի հետ:
Տեսահոլովակի ռեժիսոր Արեն Բայադյանի խոսքով՝ ստեղծագործական խմբին հատկապես ոգեշնչել է խմբի անունն ու տարբերանշանը` կենաց ծառը, որը միստիկ, խորհրդավոր ու տարածված տարբերակով փորձել են ստանալ տաղավարի տեսքով: «Ինչպես խմբի 6 հայ մասնակիցներն են աշխարհով մեկ սփռվել, այնպես էլ ծառի ճյուղերն են պատեր դարձել ժամանակի ու սերունդների միջեւ: Սակայն ո՛չ տարածությունը, ո՛չ դժվարությունները չեն կարող խոչընդոտ դառնալ, երբ մարդիկ ցանկանում են լինել միասին»:
Տեսահոլովակի ոճաբան Արմեն Գալյանը փորձել է զուգակցել եվրոպական եւ հայկական նորաձեւության մոտեցումները՝ տալով ժամանակակից լուծումներ: «Երբ ասում ես genealogy, անմիջապես մտքիդ գալիս են ռետրո լուսանկարներ, կենաց ծառ: Տեսահոլովակի համար ստեղծվել են եւ օգտագործվել այսօր նորաձեւ համարվող պարզ ձեւվածքով, ավելի մեծ չափսի, ընդգծված ուսերով, փոքր-ինչ գոթական, նաեւ հայկական ավանդական հագուստներ, որոնք ամբողջական են դարձել հայկական արծաթագործության նմուշներով: Ինչպես նաեւ օգտագործվել են մեր մասնակիցների տատիկների, պապիկների հին լուսանկարներով ու հայկական ճարտարապետության նախշերով կրծքանշաններ, որոնք այսօր նույնպես շատ արդիական են»:
«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի խոսքով, բացի խմբի անդամներից, տեսահոլովակում աշխարհը խորհրդանշող գերդաստանի անդամների դերում նկարահանվել են նաեւ հայտնի դերասաններ, արվեստագետներ: «2 երկարուձիգ, բայց արագընթաց օր տեւեց այս ամենը նկարահանելը, քանի որ մեր երգիչները կարճ ժամանակով էին Հայաստանում, իսկ անելիքը շատ էր: Հայաստանում տեսահոլովակների արտադրության պրոֆեսիոնալ թիմերից մեկի հետ ենք համագործակցել եւ արդյունքը շատ գեղեցիկ է ստացվել: Կարծում ենք, որ այս ոճի տեսահոլովակը նորություն կլինի Եվրատեսիլի շրջանակներում»:
Նախորդող հրապարակում՝
Եվրատեսիլյան բացահայտումներ՝ հայաստանյան պատվիրակության ղեկավարի կողմից