Ռոմանտիկ դաշնակահար Ռիշար Կլայդերմանը՝ իր կարիերայի, Հայաստան այցի ու սպասումների մասին (տեսանյութ)
Համաշխարհային ռեկորդների Գինեսի գրքում որպես «աշխարհի ամենահաջողակ դաշնակահար» նշված ֆրանսիացի Ռիշար Կլայդերմանը Երևանում հանդես կգա երկու համերգով` Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ: Համերգները տեղի կունենան մարտի 13-ին և 14-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Համերգի կազմակերպիչն է Հայաստանի պետական կամերային նվագախումբը:
Այսօր Ռիշար Կլայդերմանը հանդիպեց հայ լրագրողներին:
Առաջին այց
40 տարվա մեծ կարիերա ունեմ, բայց առաջին անգամ եմ Հայաստանում: Ուրախ եմ այս հնարավորություն համար: Միշտ էլ արտիստի համար հետաքրքիր է բացահայտել նոր երկիր: Կարծում եմ՝ այս այցը վերջինը չի լինի: Հույս ունեմ, որ կկարողանամ հաջողությամբ անցկացնել այս երկու համերգները, քանի որ շրջապատված եմ հրաշալի հայ երաժիշտներով: Խանդավառված են, որ ելույթ եմ ունենալու հենց այս նվագախմբի հետ:
Համերգի ծրագրի մասին
Իհարկե, կլինեն կտորներ այն երաժշտությունից, որով սկսել եմ իմ կարիերան, նաև վերջին ալբոմից, որը կոչվում է «Ռոմանտիկա», ֆիլմերի երաժշտություններից հատվածներ: Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կանցնի, քանի որ տեխնիկապես ամեն ինչ հագեցած է:
Ամենառոմանատիկ երաժշտի 40 տարվա կարիերան
Առաջին հերթին ուզում եմ ասել, որ աշխարհում շատ դաշնակահարներ կան, ովքեր հիանալի են նվագում: 40 տարի առաջ ունեցա առաջին ալբոմը՝ «Բալադ Ադելինի համար»: Մտածում էի, որ կունենամ փոքրիկ կարիերա՝ Ֆրանսիայում, կվաճառեմ մի քանի ձայնասկավառակ: Ժամանակի ընթացքում արդեն հաջողությունների հասա Եվրոպայում, Ասիայում, Հարավային Ամերիկայում: Ինձ բախտը ժպտաց, քանի որ կան այլ երաժիշտներ, ովքեր հրաշալի են նվագում: Կարծում եմ՝ հաջողության գրավականն այն է, որ կարողացա դաշնամուրի և երաժշտության միջև ճիշտ կոմբինացիա ստեղծել: Դրանով է, որ կարողացա հուզել մարդկանց սրտերը ու 40 տարի շարունակ հանդես գալ աշխարհում՝ ներկայացնելով երաժշտություն, որը թեթև դասական է և նաև պոպուլյար: Ահա թե ինչպես սկսվեց իմ պատմությունը և ինչպես է շարունակվում: Այն երաժշտությունը, որ կատարում եմ, իմ անձն է ներկայացնում: Դաշնամուրը և, ընդհանրապես, երաժշտությունն ինձ ստիպում են ասել, որ ես մտքով ռոմանտիզիմի մեջ եմ: Դա իմ անձն է, իմ ապրելակերպն է: Ունեմ գեղեցիկ հավաքածու այդ երաժշտության և իմ անձի միջև:
Հանդիսատես և զգացողություններ
Տարբեր հանդիսատեսների առջև եմ ելույթ ունեցել: Ամեն անգամ հուզմունքը նորովի է: Էմոցիաները տարբեր են տարբեր երկրներում: Միշտ շատ հուզիչ է տեսնել, որ հանդիսատեսը հուզվում է քո երաժշտությունից, ու ամեն համերգին փորձում եմ ավելի լավ նվագել: Հույս ունեմ, որ այստեղ էլ կկարողանամ կիսվել իմ հույզերով՝ իմ դաշնամուրի և իմ երաժշտության միջոցով:
Հայ կոմպոզիտորներ ստեղծագործություններ
Իմ երգացանկում ներառված է Արամ Խաչատրյանի «Սպարտակ» ստեղծագործությունը: Հույս ունեմ այս երեք օրվա ընթացքում կհասցնեմ որոշ չափով բացահայտել ձեր երաժշտական ժառանագությունը և հաջորդ հանդիպման ժամանակ կատարեմ ձեզ համար:
Շառլ Ազնավուրի մասին
Մինչև կարիերաս սկսելը, նվագակցող եմ եղել: Բախտն ինձ չի ժպտացել, որ նվագակցեմ Շառլ Ազնավուրին: Իհարկե, նա շանսոնի ամենամեծ վարպետն է: Գիտեմ, որ Ֆրանսիայում, մասնավորապեսա Փարիզում, շատ լավ հայ երաժիշտներ կան, որոնց հետ կապեր ունեմ ու ամեն անգամ բացահայտում եմ նոր հրաշալի հայ երաժիշտների:
Հայոց ցեղասպանության մասին
Հայոց ցեղասպանությունը հայ ազգի համար ողբերգություն է: Ինչպես կյանքի այլ իրավիճակներում, այս դեպքում էլ կարող է երաժշտությունն օգնել մոռացության տալ որոշ հատվածներ: Ընդհանրապես, երաժշտությունը մարդկանց օգնում է ցանկացած դժվարին պահին: Իսկ ես ընդամենը երաժշտության մի համեստ դեսպան եմ:
Ի դեպ, դաշնակահարի կրծքին ամրացված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ «Անմոռուկը», որը նրան նվիրել էր Հայաստանի պետական կամերային նվագախումբը:
Կինոերաժշտություն և պատվեր
«Տիտանիկ» ֆիմի երաժշտությունից մի հատված նվագում եմ՝ փորձելով երաժշտության միջոցով ֆիլմն ավելի գեղեցկացնել: Այս պահին որևէ պատվեր չունեմ, հույս ունեմ, առաջիկա ամսիներին կունենամ: Ֆիլմի աշխարհ մտնելը միշտ շատ դժվար է:
Հաջողությունն ու «աստղային հիվանդությունը»
Մեծ հաջողություններ եմ ունեցել, բայց ինձ համարում եմ երաժիշտ, ոչ թե աստղ: Ամեն անգամ ավելի ու ավելի եմ զարմանում, որ ասում են՝ այս կամ այն համերգին եղել են հազարավոր մարդիկ: Զուսպ, համեստ մարդ եմ: Ահա թե ինչու դաշնամուրի կարիք ունեմ, որպեսզի կարողանամ արտահայտվել: Երաժշտության միջոցով փոխանցվում են հույզերը:
Ասուլիսի վերջում նա լրագրողների խնդրանքով հայ կանանց՝ որպես նվեր, մեկ կատարում նվիրեց:
Նախորդող հրապարակում՝
«Աշխարհի ամենահաջողակ դաշնակահարը» ելույթ կունենա հայ հանդիսատեսի համար