«ԱՐՏ ՖԵՍՏ»՝ «ուր արժևորվում է յուրաքանչյուրը, հաղթում են բոլորը»
Մայիսին մեկնարկում է «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնը: Մայիսի 11-ից հունիսի 11-ը մայրաքաղաքային և մարզային մշակութային կրթօջախները, անհատ ստեղծագործ երիտասարդները «ԱՐՏ ՖԵՍՏ»-ի շրջանակում կներկայացնեն արվեստի հետևյալ տեսակները՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, դիզայն և դեկորատիվ կիրառական արվեստ, կերպարվեստ՝ գեղանկարչություն, լուսանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն։ «ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից Panorama.am-ին հայտնեցին, որ հայտերի ընդունումը մինչև ապրիլի 11-ն է: Փառատոնը ներկայացուցչական-մրցութային բնույթի է, որին մասնակցում են 16-35 տարիքային սահմանում գտնվող անհատներ և ստեղծագործական խմբեր:
««ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնն արդեն իր ուրույն տեղը հաստատած տոն է մեր մշակութային կյանքում. արվեստի տոն, որտեղ հանդիպում են գեղեցիկը, ազնիվն ու զգացմունքայինը, մշակութային տոն, ուր արժևորվում է յուրաքանչյուրը, հաղթում են բոլորը, գեղեցիկով ապրող ու գեղեցիկն արարող երիտասարդական տոն, որը տարեցտարի ընդլայնում է իր սահմանները»,- Panorama.am-ի հետ զրույցում փառատոնն այսպես բնութագրեց նկարչական ժյուրիի անդամ ՀՀ վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանը:
Նա անչափ ուրախ է, որ այդ ամենի մասնակիցն է, անհամբերությամբ և մեծ պատասխանատվությամբ սպասում է փառատոնի մեկնարկին. «Մաղթում եմ մեծ հաջողություն և որ շատ շուտով այն դառնա համահայկական մշակութային տոն ամեն մի հայի համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու