«Կինոյի մասին» օրենքն անհրաժեշտություն է. «Մշակույթն արժևորված չէ»
««Կինոյի մասին» օրենքն այսօր անհրաժեշտություն է: Օրենքը հեշտություն կմտցնի կինոարտադրության, համատեղ կինոարտադրության, հայկական կինոյի տարածման ոլորտներում, կհեշտացնի հարկային սիստեմը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:
Հիշեցնենք, որ ի կատարումն Հայաստանի նախագահի հանձնարարականի` «Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման վերաբերյալ, ՀՀ մշակույթի նախարարի հրամանով ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով: Հանձնաժողովում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետները:
Գ. Գևորգյանի խոսքով, կինոարտադրական պրոցեսները ակտիվացել են, այդ իսկ պատճառով էլ կարգավորման խնդիր կա: Միաժամանակ Կինոկենտրոնի տնօրենը նշեց, որ առաջարկել է ստեղծել արտոնագրային համակարգ, այսինքն կառույց, որը ֆիլմեր ցուցադրելու իրավունք կտա, նաև կինոդահլիճներում: Գ. Գևորգյանն ասաց, որ հնարավոր է այս առաջարկը չընդունվի, բայց դրա անհրաժեշտությունն էլ կա:
Կինոռեժիսոր, պրոդյուսեր Էդգար Բաղդասարյանն էլ նշեց, որ այսօր կա դեգրադացված հանդիսատես, գնում ու դիտում են այն ցածրորակ ֆիլմերը, որոնք ցուցադրում են, այդկերպ եկամուտ բերելով, հնարավորություն ընձեռելով դրանց ստեղծողներին՝ նկարահանել երկրորդ, երրորդ ֆիլմը: Ըստ նրա, օրենքն առաջին հերթին պետք է նպաստի կինոյում մասնավոր ներդրումներին, պետք է գումար տալ նրանց, ովքեր կարողանում են լավ ֆիլմ նկարահանել:
Կինոդերսան Միքայել Պողոսյանն էլ կարծում է, որ պետք է լիցենզիա տրվի ֆիլմերի ցուցադրության համար: Ըստ նրա, խիստ սահմանափակում չէ, բայց առանց սահմանափակումների, անհնար է երեխաների դաստիարակությունը. «Կվենշիկների տարիներից սկսած ողջունում էի հումարը, բայց երբ այդ հումորը դառնում է ապրելաձև, կենսակերպ, ողողում է հեռուստատեսությունն, անընդունելի է»:
Դերասանի խոսքով, այսօր ֆիլմ, նկարահանում են նրանք, ովքեր կարողանում են գումար հայթայթել:
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը ևս ընդգծեց, որ կինոյի մասին օրենքն այսօր անհրաժեշտ է, իսկ մինչ այժմ չի եղել, որովհետև կինոն լուրջ չեն ընդունել:
Ըստ Մ. Պողոսյանի, մշակույթը, կինոն երկրորդական են համարում, թեև մշտապես բարձրաստիճան պաշտոնյաներն ամպագորգոռ բառեր են ասում՝ մշակույթը կարևոր է:
Է. Բաղդասարյանն էլ նշեց, որ մշակույթը արժևորված չէ: Նա ընդգծեց, օրենքն ընդունելուց հետո պետք է ամեն ինչ անել, որ ոչ թե դեկլարատիվ տեքստ լինի, այլ աշխատող օրենք լինի:
Գևորգ Գևորգյանն ասաց, որ նոր է հասունացել նման օրենք ունենալու անհրաժեշտությունը. «Մինչ այս կինոմիջավայրը պասիվ է եղել, իսկ այժմ բավականին ակտիվացել է»:
Նրա խոսքով, օրենքը զսպող մեխանիզմ կլինի այն ֆիլմերի համար, որոնք պետական աջակցությամբ են նկարահանվում:
«Այս քննարկման ընթացքում կարծիքներ հնչեցին, որոնք անպայման պետք է հաշվի առնվի օրենքի ստեղծման ժամանակ: Նշվեց, որ սահմանափակող կառույցը ոչ թե միայն սահմանափակի արդեն պատրաստի ֆիլմերի ցուցադրության ժամանակ, այլ հենց պատրատման ընթացքում՝ ով պետք է նկարահանի, ով իրավունք ունի նկարահանի»,- ասաց Ազգային կինոկենտրոնի տնօրենը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին