«Ապրիլի 24-ին հայրիկը առանձնանում էր սենյակում ու բղավում էր՝ մենակ եմ, մենակ եմ». Հիշում է Շիրազի որդին (տեսանյութ)
Գեղանկարիչ Վանանդ Շիրազը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազի կրտսեր որդին, հիշում է՝ ինչպես էր հայրը կյանքի գրեթե վերջին տարիներին յուրաքանչյուր ապրիլի 24-ին իրենց տանում Ծիծեռնակաբերդի բարձունք՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հիշում է նաև խորհրդային տարիներին, երբ արգելվում էր ցեղասպանության մասին խոսել, ամեն տարի ապրիլի 24-ին բանաստեղծի մեկուսացման պահերը. «Առանձնանում էր իր աշխատասենյակում, ես փոքր էի ու ինձ համար շատ տարօրինակ էր՝ բղավում էր՝ մենակ եմ, մենակ եմ: Ու հետո հասկացա՝ ինքն իր պայքարի մեջ, փաստորեն, մենակ էր»:
Շիրազը արգելքի տարիներին զրկված է եղել Գրողների միության միջոցառումներին, հանդիպումներին մասնակցելուց, գործերը տպագրելուց, նրան պարտադրել են ապրիլի 24-ին մնալ տանը ու դուրս չգալ տնից:
«Գլավլիտը կտրում էր պոեմի կարևորագույն մասերը, մեխերը, ասելիքը ու ասում՝ այ էսպես կարելի է տպագրել: Բայց հայրիկը չէր համաձայնում, նա ամեն մի բառի համար պայքարում էր, ինչպե՞ս կարող էր համաձայնել առանց այդ բառի տպագրվել», - Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացնում է Վանանդ Շիրազը:
Որդին ասում է՝ հիշում է խորհրդային արգելանքի տարիներին իրենց ընտանիքն ապրում էր այլ իրականության մեջ, իսկ դրսում միանգամայն այլ իրականություն էր:
«Իմ զգացողություններն այդ տարիներից այնպիսին էին, որ մեր տունն այլ կյանք էր, այլ իրականություն, իսկ տնից դուրս կյանքը փոխվում էր», -ասում է մեր զրուցակիցը:
1965-ից հետո, երբ Հայոց ցեղասպանության զոհերի 50-րդ տարելիցի միջոցառումները տեղի ունեցան ու դրանից հետո, Վանանդ Շիրազի խոսքով, բանաստեղծի բեռը փոքր-ինչ թեթևացավ, սկսեցին խոսել ցեղասպանության, ցավի մասին:
«Բայց միևնույնն է՝ ինքը շարունակում էր իրեն միայնակ զգալ: Ճիշտ է ժողովրդի շրջանում արդեն ընկալում կար, բայց միևնույնն է ինքը խորությամբ էր զգում ցավը ու ազգային խնդրի լուծման կարիք էր զգում: Հայրիկն ասում էր՝ ազգը ամբողջական կարող է լինել միացյալ հայրենիք ունենալով», - նկատում է գեղանկարիչը:
Կորցրած հայրենիքի ու դրա հետևանքով ապրած ցավը Հովհաննես Շիրազն ամփոփել է «Հայոց Դանթեականը» պոեմում, որը բանաստեղծը, որդու ներկայացմամբ, համարել է Դատաստանագիրք:
«Մի քանի օր առաջ Շիրազի տուն-թանգարանում տեսա ձեռագրերը, որոնցում նշված էր, որ Հայոց Դանթեականը 1942-ին արդեն պատրաստ է եղել: Փաստ է՝ առաջին պահանջատերն ինքն էր», -նշում է նա:
Եվ պոեմը տպագրվում է միայն 1991-ին, այն էլ ոչ ամբողջությամբ, և ինչպես շիրազագետ Սամվել Մուրադյանն է նշել, 200 տող պակաս է տպագրվել:
Վանանդ Շիրազը մտահոգիչ է համարում, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանաներում ամբողջությամբ չթարգմանվեց ու չներկայացվեց Շիրազի «Հայոց Դանթեականը», որտեղ բանաստեղծը ներկայացնում է եղեռն տեսած հայ ժողովրդի ցավը: «Գոնե կարելի էր այդ հսկայական արժեք ներկայացնող գործը թարգմանել ու տարածել, բայց տարօրինակ լռություն է պահպանվում», -նշում է Շիրազը:
Այս շարքից`
1966 թվական. «...ո՞վ է Դանիել Վարուժանը, որտե՞ղ է, հլը դրան բերեք այստեղ»
Ինչպես և ինչ պայմաններում է կառուցվել Հայոց ցեղասպանության հուշահամալիրը (տեսանյութ, լուսանկարներ)
1966 թվական. «Միլիցիոներները նրան բռնեցին, որովհետև կանգնել էր Կոմիտասի շիրիմի մոտ ու լուռ լացում էր»
Ինչպես նախապատրաստվեց ու անցկացվեց Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցը. ներկայացնում է վավերագիրը (լուսանկարներ)
1965 թվական. «Եթե սահմաններից դուրս գաք, զորքը կմտնի, կկոտորի, բանտերը կգցի...»
1965 թվական. Պարույր Սևակին իջեցրին ամբիոնից, Հովհաննես Շիրազն էլ փակվել էր տանը
«Կյանքը ցույց է տվել՝ հենց պետությունն իր ձեռքը դնում է ինչ-որ բանի վրա, շատ բան՝ բնական, կորում է». Ռուբեն Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան