«Մենք մեր մաշկի վրա զգում էինք թուրքական ճնշումները». «Քեզ հետ Հայաստան» համերգաշարի մասին
«Այս տարվա ընթացքում մենք օգտագործում ենք ամբողջ աշխարհում ունեցած մեր կապերը, որպեսզի մեզ համար անհավանական բեմերից, դասական երաժշտության մեգաաստղերի միջոցով ամբողջ աշխարհին լսելի դարձնենք մեր կարևոր խնդրի՝ Հայոց ցեղասպանության մասին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երևանյան հեռանկարների» միջազգային փառատոնի նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը:
Նա հայտնեց, որ աշխարհի տարբեր երկրներում անցկացվում է «Քեզ հետ Հայաստան» համերգաշարը, որի մեկնարկը տրվել է Երուսաղեմում, այնուհետև կայացել է Տալլինում, Բրյուսելում:
Փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանն ասաց, որ Բրյուսելի համերգին ներկա են եղել դեսպաններ, Եվրախորհրդի ղեկավարներ, այլ պաշտոնյաներ:
«Մենք հպարտանում ենք մեր նվաճումների համար: «Քեզ հետ Հայաստան» փառատոնի յուրաքանչյուր համերգ հաղթանակ է»,- ասաց նա՝ հավելելով, որ առաջիկայում փառատոնի շրջանակներում համերգներ են կայանալու Նյու Յորքում, Լոնդոնում, Սանկտ Պետերբուրգում, Հռոմում, Վիենայում:
«Այդ համերգների ծրագիրն այնպես է կազմված, որ անպայման պետք է իր մեջ հայկական տարրեր պարունակի: Այն համերգի ծրագրում, որտեղ հայ կոմպոզիտորի ստեղծագործություն ընդգրկված չէ, անպայման պետք է հայ մենակատար լինի»,- ասաց Ս. Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ Հայաստանից դուրս համերգներ կազմակերպելը բավական դժվարությունների հետ է կապված, որին գումարվում է նաև Թուրքիայի ճնշումները:
«Բրյուսելում թուրքական լոբբինգը շատ ուժեղ է: Մենք մեր մաշկի վրա զգում էինք նրանց ճնշումները: Երուսաղեմում նման ճնշում չկար, չեմ կարծում, որ Լոնդոնում կամ Նյու Յորքում էլ լինի: Բրյուսելում նրանք փորձում էին համերգասրահի ադմինիստրացիայի միջոցով հասնել իրենց ուզածին: Ամեն ինչ փակ էին անում, բայց այնքան ցայտուն էր, որ հնարավոր չէր չնկատել: Նրանք փորձում էին արտաքին գովազդից հնարավորինս հանել «ցեղասպանություն» բառը, անհետանան շենքերի վրա կախվող աֆիշաները: Այսինքն ամեն ինչ անում էին, որ քիչ հրապարակային լիներ: Բայց ամեն ինչ կարողացանք այնպես անել, որ համերգն անցկացվի նախապես ծրագրվածի համաձայն»,- ասաց Ս. Հովհաննիսյանը:
Ս. Ռոստոմյանն էլ ասաց, որ փառատոնի շրջանակում պետք է համերգ կայանար նաև Գերմանիայում, սակայն չի լինելու: Ս. Հովհաննիսյանը հավելեց, որ խոսակացություններ կան Մյունխենում անցկացնելու մասին:
Նախորդող հրապարակում՝
Հայտնի երաժիշտները ելույթ են ունենում աշխարհի ամենահեղինակավոր դահլիճներում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի