«Արտ Ֆեստ». «Երիտասարդ սերնդի առաջ խնդիր է դրված՝ ապացուցել աշխարհին, որ մենք կանք և ուժեղ ենք»
«Այս տարին շատ խորհրդանշական է մեր ժողովրդի համար: 100 տարի առաջ այս օրերին տեղահանվեցին ու բնաջնջվեցին մեր նախնիները: Եվ այսօր մեր առաջ, առավել ևս երիտասարդ սենդի առաջ, խնդիր է դրված` ամեն կերպ ապացուցել աշխարհին, որ մենք կանք և ուժեղ ենք մեր արվեստով, գիտությամբ, մեր հավատով ու հավատքով, գրականությամբ ու թատրոնով, և իհարկե մեր փառապանծ բանակով»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Արտ Ֆեստ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնի ժյուրիի անդամ Սամվել Սևադան:
Այդ առումով նա կարևորեց «Արտ Ֆեստ» երիտասարդական հանրապետական բաց փառատոնի անցկացումը: «Արտ Ֆեստ»-ի մասնակիցները, Սամվել Սևադայի խոսքով, պետք է աչքի ընկնեն վառ երևակայությամբ, ուժով, սիրով ու հավատով մասնակցեն այս տոնին:
«Կարևորը բոլորի համատեղ մասնակցությունն է և թող հաղթի մեր միասնությունը»,- նշեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչը:
Նշենք, որ մայիսի 11-ին մեկնարկելու է «Արտ Ֆեստ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնը: Մայիսի 11-ից հունիսի 11-ը մայրաքաղաքային և մարզային մշակութային կրթօջախները, անհատ ստեղծագործ երիտասարդները «Արտ Ֆեստ»-ի շրջանակում կներկայացնեն արվեստի հետևյալ տեսակները՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, դիզայն և դեկորատիվ կիրառական արվեստ, կերպարվեստ՝ գեղանկարչություն, լուսանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն։
Նախորդող հրապարակում՝
«ԱՐՏ ՖԵՍՏ»՝ «ուր արժևորվում է յուրաքանչյուրը, հաղթում են բոլորը»