Արվեստաբանի դիտարկումները՝ Վենետիկի 56-րդ բիենալեում հայկական տաղավարի ու հաղթանակի մասին
«Վենետիկի 56-րդ բիենալեում հայկական տաղավարը ներկայացրել էր 18 տարբեր արտիստական տեսանկյուններից դիտարկված՝ հայկական ինքնությանը, պատմությանը վերաբերող նոր ընթերցումներ և մեկնաբանություններ»: Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց AICA-Հայաստան արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախագահ Ռուբեն Արևշատյանը:
Հիշեցնենք, որ Վենետիկի 56-րդ բիենալեում, որին մասնակցում է 53 երկիր, Հայաստանի տաղավարն արժանացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի։ Հայաստանը հեղինակավոր այս հարթակում ներկայանում է «Հայություն» խորագրով ցուցադրությամբ: Տաղավարը տեղակայված է Սուրբ Ղազար կղզում` Մխիթարյան միաբանության տարածքում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական տաղավարի ցուցադրությանը մասնակցում են 18 արվեստա-գետ ներկայացնելով թե Հայաստանը, թե սփյուռքը: Նրանք Հայոց ցեղասպանության վերապրածների սերունդներն են, ովքեր դաժան ճակատագրի բերումով հայտնվել են հայրենիքից դուրս, սակայն իրենց մեջ կրում են ազգային ինքնությունն ու հիշողությունը: Բիենալեի տաղավարի համադրողն է Ադելինա Ջյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը:
Արվեստաբանի գնահատմամբ, հայկական տաղավարը շատ լավ էր կազմակերպված բոլոր առումներով՝ թե արվեսագետների ընտրության, թե համադրողի կողմից առաջարկված կոնցեպտի. «Բազմաշերտ, հարուստ, խորը նախագիծ էր»:
Ռ. Արևշատյանի խոսքով, բիենալեի մասնագիտական ժյուրին՝ կազմված միջազգայնորեն ճանաչված համադրողներից և արվեստի քննադատներից, դիտարկել և արժեվորել է տաղավարն իր ամբողջության մեջ:
«Դա մի ամբողջական նախագիծ է՝ որտեղ հնարավոր չէ տարանջատել համադրողի կողմից առաջարկված կոնցեպտն ու յուրաքանչյուր արվեստագետի ներկայությունը։ Իր այդ ամբողջության մեջ նախագիծը կարողացավ ունենալ նման հաջողություն»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է արվեստագետների ընտրությանը, արվեստաբանն ասաց. «Այդ ընտրությունն օրգանական շարունակությունն էր հենց ամբողջ նախագծի: Համադրողը հավաքելով աշխարհով սփռված ազգությամբ հայ, ժամանակակից արվեստի դաշտում գործող լավագույն արվեստագետներին, ովքեր տարբեր սերունդների ներկայացուցիչներ են, ունեն քաղաքական տարբեր հայացքներ, ստեղծագործական տարբեր մոտեցումներ, նման բազմապիսի դիրքորոշումներ համադրելով կողք կողքի, նախ և առաջ հետապնդում էր նպատակ՝ ներկայացնել «հայության» բազմազանությունը, ինչը հակասում է հանրային գիտակցության մեջ արմատացած և շրջանառվող կլիշե դարձած պատկերացմանը՝ հայկական միատարրության մասին։ Այդ տարբեր անհատական հայացքները ներկայացնելու միջոցով տաղավարը, ըստ իս, կարողացավ բացահայտել, առաջարկել նոր արտիստական, փիլիսոփայական, քաղաքական տեսանկյուններ, մեկնաբանություններ «հայության» ինքնություններին և պատմություններին վերաբերող՝ վերարժեվորելով և վերարդիականցնելով խնդիրը այսօրվա աշխարհի պատկերային և տեսական ընկալումների տիրույթում, որը հենց ներկայացնում է Վենետիկի ժամանակակից արվեստի բիենալեն և որը ըստ արժանվույն գնահատեց Հայաստանի տաղավարի այս տարվա նման հետաքրքիր և խորը արտիստական և համադրողական մոտեցումը»: