«Արտ ֆեստ». «Այսօրվա երիտասարդությունն ապացուցում է, որ հայ արվեստը, հայկական գենը միշտ արթուն է»
«Այսօր հիանալի, տաղանդավոր երիտասարդություն ունենք: Այսօրվա երիտասարդությունը շատ ավելի համարձակ է, որն, իհարկե, լավ է: Այսօրվա երիտասարդությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայ արվեստը, հայկական գենը միշտ արթուն է, պատրաստ է լավ հաղթանակների, լավ արվեստ ստեղծելուն»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի վաստակավոր նկարիչ, «Արտ ֆեստ» երիտասարդական հանրապետական երրորդ փառատոնի նկարչական մրցույթի ժյուրիի անդամ Աշոտ Համբարձումյանը:
Նրա խոսքով, այսօրվա երիտասարդներից ոմանց մոտ ուղղակի մի քիչ պակասում է աշխատասիրությունը, բայց դա ժամանակի խնդիր է. «Մեր խնդիրն է ճիշտ խորհուրդներ տալ նրանց, որպեսզի այդ ժամանակի մեջ իրենց աշխատանքը ճիշտ տեսնեն, որոշ իզմերի մեջ շատ չտարվեն, հասկանան արվեստի արհեստի կողմը»:
Արվեստագետը կարևորեց նաև այն հանգամանքը, որ երիտասարդ ստեղծագործողները կարողանում են մեկը մյուսին հանդուրժել, մեկը մյուսի հետ ցուցադրվել, տեսնել իրենց աշխատանքները ուրիշների ստեղծագործողությունների կողքին:
Այսօր «Հայ Արտ» մշակութային կենտրոնում կայացավ «Արտ ֆեստ» փառատոնի նկարչական մրցույթում ներկայացված աշխատանքների ցուցահանդեսը: Ներկայացված է 210 կերպարվեստի, դիզայնի, դեկրատիվ կիրառական արվեստի ստեղծագործություն, այդ թվում նաև մարզերի ուսումնական հաստատություններում սովորող երիտասարդների գործեր:
Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողուհի Լուսինեն արդեն երկրորդ տարին է մասնակցում փառատոնին: Այս տարի նա ներկայացել է իր ընկերուհու դիմանկարով: «Այժմ գույներով ավելի շատ իմպրեսիոնիզմին եմ մոտենում: Բայց տարբեր շրջաններում տարբեր ոճերից եմ ազդեցություններ կրում»,- ասաց նա:
Լուսինեի խոսքով, այս տարի ներկայացված աշխատանքները շատ ավելի հետաքրքիր են:
«Ընդհանուր առմամբ, այս տարի ունենք 350 մասնակից: Բավական խոսուն փաստ է, գալիս է ապացուցելու մեր փառատոնի առաջընթացը, կարևորությունը երիտասարդ ստեղծագործողների, կայացած մասնագետների շրջանում: Մեր ակնկալածից ավել արդյունք ենք տեսնում: Եթե նախորդ տարի կիսադատարկ դահլիճներ էինք ունենում, այս տարի ոչ թե լեփ լեցուն են, այլ աթոռներ ենք ավելացնում, որ որևէ հանդիսատես դուրս չման»,- ասաց փառատոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը:
Նշենք, որ «Արտ ֆեստ» երիտասարդական հանրապետական երրորդ փառատոնի բացումը կայացել է մայիսի 11-ին: Փառատոնն իր մեջ ընդգրկվում է արվեստի մի քանի ճյուղ՝ թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ, այս տարի, ավելացրել է նաև երգարվեստի, դիզայն և դեկորատիվ-կիրառական արվեստի ոլորտները։ Փառատոնը կշարունակվի մինչև հունիսի 11-ը:
Նախորդող հրապարակումներ՝
«Արտ Ֆեստ». «Որևէ մեկին չենք կարող շնորհք նվիրել, բայց կարող ենք օգնել շնորհալի մարդուն դառնալ պրոֆեսիոնալ»
«Արտ Ֆեստ». Մասնակիցների թվի աննախադեպ աճ, արվեստի ոլորտների ավելացում
«Արտ Ֆեստ». «Երիտասարդ սերնդի առաջ խնդիր է դրված՝ ապացուցել աշխարհին, որ մենք կանք և ուժեղ ենք»
«ԱՐՏ ՖԵՍՏ»՝ «ուր արժևորվում է յուրաքանչյուրը, հաղթում են բոլորը»