«Լույս ի Լուսոյ». Հայկական հոգևոր երաժշտություն է հնչելու Թուրքիայի տարածքում
Հունիսի 11-ին Զվարթնոցի տաճարում տեղի կունենա դաշնակահար Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ համերգը` «Լույս ի լուսոյ» խորագրով: Այս մասին տեղեկանում են Տ. Համասյանի ֆեյսբուքյան էջից:
Հունիսի 13-ին Ստեփանակերտի մշակույթի պալատում, իսկ հունիսի 15-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում կայանալիք համերգներից հետո Տիգրան Համասյանն ու Երևանի պետական կամերային երգչախումբը համերգներով հանդես կգան նաև Վրաստանում՝ հունիսի 17-ին Սուրբ Էջմիածին եկեղեցում, հունիսիս 18-ին՝ Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում:
luysiluso.com կայքից տեղեկանում ենք, որ նախագծի շրջանակում Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի կմեկնի Թուրքիա ու լայնածավալ շրջագայության ընթացքում ելույթ կունենա պատմական Վասպուրական նահանգում՝ այն վայրում, որտեղ ժամանակին ապրել է Գրիգոր Նարեկացին: Բայց Նարեկավանքում համերգ չի լինի, քանի որ այն այլևս գոյություն չունի: Հունիսի 23-ից մինչև 30-ը համերգներ լինելու են Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում, Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում, Կեսարիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, Վաքըֆի Սուրբ Աստվածածին եկեղեցում, հունիսի 30-ին՝ Ստամբուլի Սուրբ Իրեն բյուզանդական եկեղեցում:
«Հուսով եմ՝ ցանկում շուտով կընդգրկվեն նաև Կարսը ու Անին, որտեղի համերգները հաստատվելու դեպքում կկայանան՝ համապատասխանաբար հունիսի 20-ին ու 21-ին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Տ. Համասյանը:
«Լույս ի Լուսոյ»-ն Տիգրան Համասյանի յուրօրինակ նախագիծն է դաշնամուրի և երգչախմբի համար: Տիգրանի նոր երաժշտական նախաձեռնությունը 5-ից 20-րդ դարերի հայկական հոգևոր երաժշտության նորովի մեկնաբանությունն է, որը 2015-ի սեպտեմբերին ECM ընկերության հետ համատեղ կթողարկվի ձայնասկավառակի տեսքով: Երգացանկում հավաքված են Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Գրիգոր Պահլավունու, Ներսես Շնորհալու, Մխիթար Այրիվանեցու, Մակար Եկմալյանի ստեղծագործությունները։ Նախագծի շրջանակում Տիգրանը կատարում է նաև Նարեկացու «Տաղ Յարութեան»-ը:
«Լույս ի Լուսոյ»-ում ընդգրկված ստեղծագործությունների թվում են նաև Պահլավունու «Ով զարմանալի»-ն ու Կոմիտասի «Հայրապետական մաղթերգ»-ը:
Նախագիծը յուրովի է ներկայացնում հայկական հոգևոր երաժշտությունը, երախտագիտություն հայտնում դրա հիմնադիրներին՝ հնչեցնելով նրանց աշխատանքները հին եկեղեցիներում ու վանքերում, որտեղից այն սկիզբ է առել: Պահպանելով 8 ձայնեղանակային համակարգը և օրենքները, նախագծով նոր իմպրովիզացիոն մտածելակերպ և շունչ է հաղորդվում հայկական հոգևոր երգեցողությանը:
«Լոյս ի Լուսոյ»-ի շրջագայությունը սկսվել է մարտի 24-ին երևանյան պրեմիերայով և շարունակվում է: Տարվա ընթացքում համերգներ են լինելու նաև Լիբանանի, Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Չեխիայի, Անգլիայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի 100 եկեղեցում: