ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը` «Հայաստանի տուն» (լուսանկարներ)
Հայաստանը բարձր է գնահատում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունն ու գործունեությունը: Այս մասին նշել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ նախօրեին Փարիզում Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան այցելության ժամանակ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում պատվիրակությանը ողջունել է կազմակերպության գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, ով նշեց Հայաստանի ակտիվ մասնակցությունը կազմակերպության ծրագրերին: Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից:
Պատվիրակության կազմում են եղել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար, ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը:
Վիգեն Սարգսյանն անդրադարձել է գործունեության 70 տարիների ընթացքում կազմակերպության հիմնական ձեռքբերումներին՝ մշակութային ժառանգության պահպանման և կրթական ծրագրերի իրականացման ոլորտներում:
Նա նշել է, որ միջազգային լարվածության, հակամարտությունների սրացման պայմաններում կազմակերպության գործունեությունն առանձնահատուկ դերակատարում է ստանձնում, հատկապես` չճանանչված պետություններում և հակամարտությունների գոտիներում մշակութային ժառանգության պահպանման և կրթական ծրագրերին աջակցության առումով:
«ՄԱԿ-ի համակարգի մասնագիտացված կառույցների հիմնական առավելությունը` դրանց ապաքաղաքական, մասնագիտացված գործունեությունն է: Չափազանց կարևոր է պահպանել այդ ապաքաղաքական մոտեցումը և առկա խնդիրների լուծումներ փնտրել մասնագիտական փորձագիտական դաշտում»,-նշել է Վիգեն Սարգսյանը:
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շնորհակալություն հայտնելով Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ իրականացված ծրագրերի համար, հակիրճ անդրադարձել է համագործակցությանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաների շրջանակներում, կարևորել ազգային զեկույցների նախապատրաստման ընթացքում ակտիվ փոխգործակցությունը կազմակերպության փորձագետների և քաղաքացիական հասարակության կառույցների հետ: 2013-2014 թթ. Հայաստանը նախատեսված հինգ ազգային զեկույցից ներկայացրել է չորսը` միջազգային իրավական պարտավորություններով:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շեշտադրել է չճանանչված պետություններում կրթության իրավունքի լիարժեք ապահովման անհրաժեշտությունը` հղում կատարելով Բոլոնյան գործընթացի երևանյան նախարարական համաժողովի կողմից ընդունված Երևանյան հռչակագրին:
Նույն օրը՝ երեկոյան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի լիագումար նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Երիտասարդությունը հանուն խաղաղության» համերգաշարի ամփոփիչ համերգը: Համերգաշարն անցկացվել է Հայաստանի Հանրապետության կողմից` ի նշանավորում ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակի:
Համերգային ծրագրում ընդգրկված են եղել բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ (Կոմիտաս, Արամ Խաչատուրյան, Տիգրան Մանսուրյան, Ալեքսանդր Հարությունյան և այլք): Համերգի ընթացքում հայ կատարողական արվեստը ներկայացրեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, թառահար Միքայել Ոսկանյանը, «Կատուներ» ջազ-բենդը՝ Վահագն Հայրապետյանի գլխավորությամբ, Ինգա և Անուշ Արշակյանները, դուդուկահարներ՝ Գևորգ Դաբաղյանը, Կամո Սեյրանյանը, պատանի քանոնահար Նարեկ Կազազյանը, դուդուկահար Թաթուլ Համբարձումյանը և այլք:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դահլիճում են եղել այդ կազմակերպությունում և Ֆրանսիայում հավատարմագրված բազմաթիվ երկրների դիվանագետներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի աշխատակիցներ, Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների պատգամավորներ, ֆրանսիացի և սփյուռքահայ մտավորականներ:
Համերգի մեկնարկից առաջ ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները