«Ազգային պատկերասրահ». «Բարձր արվեստի հետ հաղորդակցվելու հիանալի հնարավորություն»
Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում հունիսի 18-ին կկայանա «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնի հանդիսավոր բացման համերգը: Ելույթ կունենան դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, Ազգային օպերային թատրոնի մեներգչուհիներ Արծվիկ Դեմուրչյանը (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցցո-սոպրանո), Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան), դիրիժոր Հարություն Արզումանյան: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին փառատոնի կազմակերպիչները:
«2005-ից Հայաստանի ազգային պատկերասրահում իրականացվող խոշորածավալ երաժշտական փառատոնը սպասված տոն է ցանկացած արվեստասերի համար, իսկ փառատոնի յուրաքանչյուր համերգ բարձր արվեստի հետ հաղորդակցվելու հիանալի հնարավորություն է դասական երաժշտության իրական երկրպագուների համար»,- նշում են կազմակերպիչները:
Հունիսի 18-ին մինչև հուլիսի 4-ը ընթացքող փառատոնի շրջանակում կկայանա 5 համերգ:
Հունիսի 21-ին տեղի կունենա փառատոնի երկրորդ համերգը: Երաժշտության Համաշխարհային օրվան նվիրված ծրագրով հանդես կգան ճանաչված երաժիշտներ Գայանե Գեղամյանը (սոպրանո) և Սեդրակ Երկանյանը (դաշնամուր): Վոկալ երաժշտության երեկոյի ընթացքում կներկայացվեն ֆրանսիական և իսպանական կոմպոզիտորների վոկալ ստեղծագործությունները:
Հունիսի 24-ին հնչելու է կամերային երաժշտության, ելույթ են ունենալու միջազգային մրցույթի դափնեկիրներ Հասմիկ Վարդանյանը (թավջութակ) և Նարա Ավետիսյանը (դաշնամուր, ԱՄՆ):
Հունիսի 27-ին «Գործիքային երաժշտության երեկո» խորագրով համերգին հանդես կգա բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, բայանահար Իոսիֆ Պուրիցը (Ռուսաստանի Դաշնություն):
Հուլիսի 4-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կկայանա «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնի հանդիսավոր փակման համերգը: Գալա Վոկալ համերգային ծրագիրը` «Օպերային արվեստի գոհարներ» խորագրով կներկայացնեն տաղանդաշատ հայազգի երաժիշտներ Վարդուհի Խաչատրյանը (մեցցո-սոպրանո, Շվեյցարիա), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Դավիթ Բաբայանցը(բարիտոն), Արմեն Աղաջանյանը (դաշնամուր): Ծրագրում ընդգրկված են հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների հատընտիր ստեղծագործություններ:
Փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որն աջակցության իր առաքելությունը ստանձնել է 2006թ.-ից: 2008թ.-ից փառատոնն ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ մշակութային միջոցառումների պետական աջակցության ծրագրում: Փառատոնի հիմնադիրներն են «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը և տնօրեն Գարիկ Նազարյանը: