Նունե Թումանյան. Երևանը քաղաքային քանդակների պահանջ է զգում
Հայաստանի Նկարիչների միությունում հուլիսի 23-ին կբացվի «Քաղաքային քանդակ» էքսպերիմենտալ ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացվելու են ժամանակակից քանդակագործների քաղաքային միջավայրի համար նախատեսված, ազատ լուծումներով, համարձակ կոմպոզիցիոն ստեղծագործությունները և այդ քանդակների քաղաքային միջավայրին հարմարեցված լուսանկարները: Ցուցահանդեսի գաղափարի հեղինակն է քանդակագործ Նունե Թումանյանը:
«Փորձեցի ֆոտոշոփի միջոցով պատկերացնել իմ քանդակները քաղաքային միջավայրում։ Արդյունքը հետաքրքիր էր, և աշխույժ արձագանքի արժանացավ։ Եվ քանի որ քաղաքում քանդակ տեղադրելը միայն իմ երազանքը չէ, դրա մասին են երազում նաև բազմաթիվ ժամանակակից քանդակագործներ, որոշեցի այդ գաղափարի շուրջ համախմբել նաև կոլեգաներիս։ Միակ դժվարությունը կայանում է նրանում, որ քանդակագործներից շատերը, մանավանդ ավագ սերնդից, հիասթափված են և հուսահատված։ Եվ միայն իմ լավատեսությունը բավական չի նրանց գործընթացին միացնելու համար։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ցուցահանդեսը կկայանա և նույնիսկ նոր բացահայտումներ կլինեն քաղաքային քանդակի ասպարեզում։ Նման ցուցահանդես առաջին անգամ է կազմակերպվում, կունենա իր դժվարությունները, բայց, կարծում եմ, հաջողության դեպքում կարելի է հետագայում կրկին ձեռնարկել։ Երազանքները շարունակելի են»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Նունե Թումանյանը:
Ըստ քանդակագործի, Երևանում շատ կան հուշարձաններ, մեծամասշտաբ քանդակեր, սակայն այսօր քաղաքը թեմատիկ, քաղաքային քանդակների պահանջ է զգում:
Նա նշեց, որ արդեն որոշ քանդակագործներ ցուցահանդեսին մասնակցելու ցանկություն հայտնել են, բայց այս պահին դեռևս հայտնի չէ, թե քանի աշխատանք կներկայացվի ցուցահանդեսում:
Ն. Թումանյանի խոսքով, իրենք պետական համապատասխան մարմիններին տեղյակ կպահեն ցուցահանդեսի մասին, սակայն դժվարացավ պատասխանել՝ արդյոք համագործակցության առաջարկ կլինի: Արվեստագետի կարծիքով, կախված կլինի նաև ցուցահանդեսի որակից:
«Հրավիրում ենք ցուցահանդեսի՝ կիսելու մեր քանդակազարդ քաղաք ունենալու երազանքները »,- իր խոսքն ամփոփեց քանդակագործ Նունե Թումանյանը:
Նախորդող հրապարակում՝
Նունե Թումանյան. Երևանը զարդարվում է, բայց չի գեղեցկանում…(ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան