«Ֆրեսկո»-ի ողջ ծրագիրը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի երկրորդ միջազգային փառատոնը կկայանա հունիսի 27-ից հուլիսի 5-ը: Այս մասին տեղեկանում ենք փառատոնի պաշտոնական կայքից:
Փառատոնի հիմնական նպատակն է տարածել և ամրապնդել մարդասիրական բարձր արժեքներ` զուգորդելով դրանք մշակութային բազմազանության և առողջ քննարկումների հետ: Ֆրեսկոն ամենամյա իրադարձություն է, որը հոգևոր և մշակութային ժառանգությունը վերարժևորելու, այլ երկրների ժողովուրդների հետ մշակութային երկխոսություն ծավալելու և դրա համատեքստում ինքնաճանաչման և ազգային գիտակցության բարձրացման հրաշալի առիթ է:
Այս տարի փառատոնի հիմնական գաղափարախոսությունը խաղաղությունն է, և, հիմք ընդունելով այդ համամարդկային արժեքը, փառատոնի ողջ ծրագիրը կնվիրվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին:
Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է հինգ տասնյակից ավել ֆիլմեր՝ Հայաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Իսպանիայից, Իրանից, Գերմանիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Հարավային Կորեայից, Բելառուսից, Կանադայից, Իտալիայից, Իսրայելից, Իրաքից, Պորտուգալիայից և այլ երկրներից:
Փառատոնի ընթացքում իրականացվելու են նաև տարբեր նախագծեր, այդ թվում նաև բացօթյա միջազգային ֆոտոցուցահանդես:
Փառատոնն առանձնակի նշանակություն է տալիս նաև սոցիալական հատուկ խմբերի ու հատկապես սահմանափակ կարողություն ունեցող անձանց հետ աշխատանքին: Ոլորտում մասնագիտացված կառույցների հետ համագործակցության շնորհիվ հաշմանդամություն ունեցող անձինք ոչ միայն կմասնակցեն փառատոնի բոլոր միջոցառումներին, այլև ակտիվորեն կներգրավվեն Ֆրեսկոյի կազմակերպական աշխատանքներում:
Նշենք, որ փառատոնն իրականացվում է «Ֆորմիկա Արտ» ընկերության և «Ծիածան» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա