«Ոսկե ծիրանը» հարգանքի տուրք կմատուցի հայ կինոյի վարպետներին
«Ոսկե ծիրան» երևանյան 12-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի ստացել է շուրջ 1600 հայտ` 105 երկրից: Ընտրված 76 ֆիլմից 12-ը կմրցեն միջազգային խաղարկային, 13-ը` միջազգային վավերագրական, 17-ը` հայկական համայնապատկեր, և 34-ը` «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրերում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրերի պատասխանատու Վարդան Հակոբյանը:
Նրա խոսքերով՝ ամենաերիտասարդ «Կորիզ» միջազգային մրցութային ծրագիրն այս տարի անցկացվում է արդեն 5-րդ անգամ, սակայն տարեց տարի ավելի մեծ թափ է հավաքում` լինելով աշխարհում մեծ թափ հավաքող կարճամետրաժ ֆիլմերի համար մրցութային հարթակ. «Ցավոք սրտի, ոչ բոլոր կինոփառատոններում կան մրցութային ծրագրեր` կարճամետրաժ ֆիլմերի համար»:
Նա հայտնեց, որ երբ առաջին տարիներին տարբեր կենտրոնների էին դիմում ֆիլմեր ուղարկելու համար, ապա այս տարի արդեն ինքնահոս կարգով 700-ից ավելի ֆիլմ են ռեժիսորներն ուղարկել, որը ռեկորդային թիվ է:
25 երկրներից՝ հանձնաժողովն ընտրել է 34-ը. «Կա մեկ հայկական ֆիլմ` Տաթև Հակոբյանի «Օտարը», սակայն առավել շատ ֆիլմեր են ներկայացվել Գերմանիայից, Իսպանիայից, Իրանից ու Լեհաստանից: Այս խորագրում, հիմնականում ներգրավված են ավելի երիտասարդ ու սկսնակ ռեժիսորներ, որոնք հետագայում հնարավոր է` դառնան համաշխարհային կինոյի առաջին դեմքեր, որոնք իրենց առաջին ցուցադրությունները սկսել են «Ոսկե ծիրանից»:
Նշենք, որ մրցութային ֆիլմերն անց են կացվում 4 անվանակարգում:
Հանդիպմանը ներկա «Ոսկե ծիրան» ՄԿՓ միջազգային կապերի բաժնի ղեկավար Տաթևիկ Մանուկյանն էլ նշեց, որ «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնը հարգանքի տուրք կմատուցի հայ կինոյի վարպետներին. «Ամեն տարի փառատոնը ուշադրություն է դարձնում հայ անվանի կինոգործիչներին: Այս տարի ևս հարգանքի տուրք ենք մատուցելու Հենրիկ Մալյանի՝ 90-րդ, Հենրիկ Մարգարյանի՝ 90-րդ, Լևոն Աթոյանցի 85-րդ հոբելյաններին: Կներկայացվեն նրանց ֆիլմերը»:
Փառատոնի շրջանակում կցուցադրվեն Մալյանի «Կտոր մը երկինք», Մարգարյանի «Տերտերին ուխտը» և Աթոյանցի «Ավդոյի մեքենան» կինոնկարները:
«Չնայած մեր տնօրենը կողմ չէր այս գաղափարին, բայց այս ծրագրում նաև ընդգրկել ենք փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի 60-ամյակին նվիրված երեկո: Կցուցադրվի նրա ֆիլմերից «Սպիտակ քաղաքը»,-ավելացրեց Տաթևիկ Մանուկյանը:
Նախորդող հրապարակումներ՝
«Ոսկե ծիրանն» այս տարի հարուստ է նաև արտամրցութային ծրագրերով. Միքայել Ստամբոլցյան
«Այլևս երբեքը» աշխարհի տարբեր երկրներում պատմել է Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը
«WEB ԾԻՐԱՆ» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնի արդյունքները
«Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում չորս հատուկ ծրագիր նվիրված է լինելու Հայոց ցեղասպանությանը