«Մինասը նկարչական աշխարհում երևույթ է» (լուսանկարներ)
«Իբրև նկարիչ, գիտեմ և վստահ եմ, որ ամեն մի նկարիչ, կանգնելով Մինասի նկարների առջև, այնտեղ տեսնում է իր չարածի, իր չկարողացածի, իր երազածի իրագործումը։ Մինասը մեր նկարչության բարձրացող աշտարակն էր, հեռուներից տեսանելի ու հեռաստաններ բացող»,- ասել է նկարիչ Հակոբ Հակոբյանը:
20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Մինաս Ավետիսյանը, ծնվել է 1928 թվականի հուլիսի 20-ին, Ջաջուռում։ Համեմատաբար ուշ է սկսել զբաղվել գեղանկարչությամբ։ Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։ Առաջին անգամ կենդանի նկարչի հետ ծանոթացել է 18 տարեկանում։ Մինասի գեղարվեստական և էսթետական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել Հայկական մանրանկարչությունը, և իտալական վերածննդի նկարչությունը, որի հետ ծանոթացել է Լենինգրադում ուսանելու տարիներին։
«Մինաս, ես քեզնից մեծ եմ հիսուն տարով։ Ափսոս, ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանաս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակել խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին»,- ասել է Մարտիրոս Սարյանը:
Մինասը ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաև՝ դիմանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ։ Մինասի ստեղծագործությունները յուրահատուկ են իրենց գունային ուժեղ հակադրություններով, որոնք արտահայտում են լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով։ Անրադարձել է նկարչության բոլոր ոլորտներին՝ գեղանկարչություն, գրաֆիկա, որմնանկարչություն, բեմանկարչություն ևն։ Մինասի նկարները հայտնի են իրենց գունային կտրուկ հակադրություններով։ Հայտնի նկարներից մի քանիսը վերաբերում են հայ ժողովրդի անցյալին՝ հատկապես1915 թ. հայկական ջարդերին, որոնցից մազապուրծ են եղել նաև նկարչի ծնողները։
Մինասի հասուն ստեղծագործական կյանքը տևել է 15 տարի՝ 1960–1975 թթ, որի ընթացքում նկարիչը ստեղծել է մոտ հինգ հարյուր մեծ ու փոքր կտավ, մոտավորապես նույնքան գծանկար, քսան մեծածավալ որմնանկար, մեկ տասնյակից ավելի բալետային ու թատերական ձևավորումներ։
Ստեղծել է մոտ հինգ հարյուր մեծ ու փոքր կտավ։ Մինասը իր որմնանկարները ստեղծել է 1970-74 թթ.։ Երևանում, Գյումրիում,Վահրամաբերդ գյուղում ստեղծել է թվով 20 որմնանկարներ, որոնց ընդհանուր տարածությունը հասնում է հինգ հարյուր քառակուսի մետրի:
Մ. Ավետիսյանը բեմանկարչական ինքնատիպ սկզբունքը զարգացրել ու թատերական պայմանականության նոր աստիճանի է հասցրել Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի և Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ձևավորումներում:
«Մինասի խառնվածքը ուժեղ է, վառ... Լինելով սիմֆոնիկ շնչի արվեստագետ, նա թատրոն ներխուժեց լայն ու խորը մտքերով։ Նա թատերական նկարչության մեջ փոխադրեց իր հզոր սիմֆոնիզմը»,- գրել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը:
1972–ի հունվարի 1-ին, աղետալի հրդեհի պատճառով այրվում են Մինասի արհեստանոցում գտնվող բոլոր կտավները՝ թվով մոտ 300 աշխատանք։ Այդ թվում նաև հարյուրից ավել ավարտված նկարներ, որոնք նախատեսված էին անհատական ցուցահանդեսի համար, զոհ դարձան կրակին։
Նկարիչը 1975թ. փետրվարի 16-ին Երևանում ենթարկվել է ավտովթարի ոմն տաքսու վարորդ Ժորա Հովսեփյանի կողմից, և չգալով գիտակցության՝ փետրվարի 23-ին կնքել է իր մահկանացուն։ Մինաս Ավետիսյանի մահվան հանգամանքները մինչ օրս մնում են չպարզված։
Ջաջուռ, 1960 թ.
Ձմերուկով նատյուրմորտ 1962թ.
«Մինասը նկարչական աշխարհում երևույթ է, նրա նկարները զրնգուն հնչեղություն կունենան Փարիզի նման նկարչության արվեստի կենտրոնում՝ արվեստների մայրաքաղաքում»,- ասել է Երվանդ Քոչարը:
Լամպով կինը, 1969 թ.
Սպասում
Սարերի հովին մեռնեմ, 1962 թ.
Արամ Խաչատրյանի դիմանկարը, 1974 թ.
Խաչելություն, 1973թ.
Բնանկար խաչքարերով, 1974թ.
Հայկական նատյուրմորտ, 1972 թ.
«Մինասը շատ ինքնատիպ ու տաղանդավոր նկարիչ է: Իրեն գույներուն մեջ հզոր բան մը կա, արտակարգ ուժ մը, որ շատ ժամանակակից է և շատ հայկական: Մինասի նկարներուն մեջ ուժեղ կերպով Հայաստանը կզգամ»,- ասել է Գառզուն:
Իրիկնային զրույց, 1973-75 թթ.
Կինը գրքով («Նարեկացու ընթերցումը» շարքից), 1974 թ.
Գյուղական մոտիվ
Նկարչի արվեստանոցում, 1974 թ.
Մարտիրոս Սարյանի դիմանկարը, 1970-ական թթ.
«Աշխարհի մեջ անոր պես նկարիչ քիչ կա, եթե ըսեմ չկա, հավատացեք: Ի՜նչ զորավոր է, հայկական է, հին ու բոլորովին նոր: Զարմանալի է...»,- ասել է Վիլյամ Սարոյանը Մինասի մասին:
«Լեռներում» Ազատան գյուղի մշակույթի պալատի շենքի նախամուտք
«Ջրհորի մոտ» որմնանկար Գյումրու Աճեմյանի անվան թատրոնի շենքում, 1974 թ.
«Հովվերգություն» որմնանկարի էսքիզ
Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետի ձևավորման էսքիզ. 3-րդ գործողություն, 1974 թ.
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան