Հայաստանն ընդունելու է անհավանական հյուրերի. «Երևանյան հեռանկարներ»
«Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշրջանի մեկնարկը կտրվի մեծ իրադարձային համերգով. սեպտեմբերի 3-ին հայ հանդիսատեսի համար ելույթ է ունենալու աշխարհի լավագույն նվագախմբերից մեկը՝ Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Զուբին Մեթա: Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:
«Անհավանական փաստ է, որ մի քանի օրից մենք Երևանում կհյուրընկալենք լեգենդար երաժիշտ և դիրիժոր Զուբին Մեթային ու Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբին: Ամբողջ տարածաշրջանի համար իրադարձություն է, նման կարգի նվագախումբ և դիրիժոր այս ամբողջ տարածաշրջան այցելում են Հայաստանի միջոցով»,- նշեց նա:
Աշնանային համերգաշրջանի հաջորդ մեծ իրադարձությունը կայանալու է նոյեմբերի 15-ին. Երևանում ելույթ է ունենալու Լոնդոնի «Academy of Saint Martin in the fields» նվագախումբը:
«Երկար տարիներ է, ինչ փորձում էինք նվագախմբին հրավիրել Հայաստան: Վերջնականապես համաձայնության եկանք: Աշխարհի լավագույն կամերային նվագախմբերից է, հանդես է գալիս առանց դիրիժորի: Բարձրագույն որակի հասած խումբ է: Երաժշտական տնօրենն է աշխարհահռչակ ջութակահար Զոշուա Բելը: Նրա այցը Հայաստան նույնպես մեծ իրադարձություն է ու անհավանական նախագիծ»,- ասաց Ս. Հովհաննիսյանը:
Նա նաև հայտնեց, որ այս տարվա ընթացքում փառատոնի շրջանակում ևս մի քանի համերգ նախատեսված է, այժմ ճշգրտվում են օրերը:
Հիշեցնենք, որ «Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հայ հանդիսատեսի համար արդեն ելույթ է ունեցել Եվգենի Կիսինը, Մարիա Գուլեգինան, «Քրոնոս» քառյակը, Դմիրի Խվորոստովսկին (դիրիժոր՝ Կոնստանտին Օրբելյան):
«Ուրախ ենք, որ աշխարահահռչակ երաժիշտները Հայաստան են այցելում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ այդկերպ իրենց հարգանքի տուրքը մատուցելով նաև անմեղ զոհերի հիշատակին, միջազգային հանրությանը ցույց տալով, որ իրենք Հայաստանի կողքին են: Դա էլ բավականին մեծ արժեք ունի»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է հաջորդ տարվա ծրագրին, փառատոնի մենեջերն ասաց, որ արդեն ունեն որոշակի պայմանավորվածություններ. «Ձևաչափը կպահպանվի. Հայաստան կգա աշխարհի լավագույն նվագախմբերից մեկը լեգենդար դիրիժորներից մեկի ղեկավարությամբ: Այժմ քննարկվում է նաև 8 «Գրեմմի» մրցանակի արժանացած «Էմերսոն» լարային քառյակի հարցը: Անդրադարձ կլինի նաև ժամանակակից երաժշտությանը: Պլանավորում ենք պատվիրել նոր գործեր, որոնք առաջին անգամ կկատարվեն հենց մեր փառատոնի շրջանակում»: