Հետաքրքիր երկու ամիս՝ հայաստանյան երաժշտական կյանքում. Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոն
Հայտնի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների հանրահչռակումը, ներկայացնելը, դարձել է Հայաստանի մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից: Այդ գործին է ծառայում նաև Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը, որն այս տարի արդեն անցկացվելու է 3-րդ անգամ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:
«Մեծ ու նշանակալի իրադարձություն է մեզ սպասվում, հետաքրքիր երկու ամիս է մեզ սպասվում»,- ասաց նա:
Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնը կայանալու է հոկտեմբերի 3-ից դեկտեմբերի 5-ը: Կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Ասուլիսին ներկա նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ասաց, որ փառատոնի ընթացքում կայանալու է 19 համերգ. ամեն չորեքշաբթի տեղի է ունենալու կամերային համերգներ, ամեն շաբաթ՝ սիմֆոնիկ:
Փառատոնի ընթացքում հանդես են գալու մեծահամբավ երաժիշտներ, ներկայացվելու են բացառիկ նախագծեր, հոբելյանական համերգներ, համաշխարհային ու հայաստանյան պրեմիերաներ:
Փառատոնի ընթացքում ունկնդրին ներկայացվելու է Արամ Խաչատրյանի, այլ հայ և արտասահմանյան կոմպոզիտոների ստեղծագործություններ:
Ս. Սմբատյանը նաև նշեց, որ աննախադեպ է լինելու խաչատրյանական փառատոնի փակման համերգը. Հայաստանի ջազ բենդի հետ Երիտասարդական նվագախումբը հնչեցնելու է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ ջազային գործիքավորմամբ:
Փառատոնի համերգներին ելույթներ են ունենալու Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր ջութակահարուհի Իվա Միլետիչը, դաշնակահարներ Աննա Վինիցկայան, Վահագն Պապյանը, Ալեքսանդր Ռոմանովսկին, ջութակահարներ Սուրեն Բագրատունին, Զոհրաբ Թադևոսյանը, Չադ Հուփեսը, Ալեքսանդր Սոումը, թավջութակահար Միքայել Հախնազարյանը, դիրիժորներ Ջանլուկա Մարչիանոն, Վահագն Պապյանը և այլք:
Ս. Սմբատյանն ասաց, որ իրենք ակնկալում են փառատոնի ընթացքում 16 հազար 500 հանդիսատես, նաև առցանց դիտումներ են ապահովելու: 13-17 տարեկան պատանիների համար համերգների տոմսերը լինելու են անվճար:
Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո:
Նախորդող հրապարակում՝
Արամ Խաչատրյանի անվան փառատոն. «Բոլոր արտիստները հասկանում են, թե ինչ կարևոր տարի է մեզ համար»