Արվեստագետների փոխանակման միջազգային նոր ծրագիր է մեկնարկում
Շվեյցարիայի, Գերմանիայի և Հայաստանի միջև մեկնարկում է արվեստագետների փոխանակման միջազգային նոր ծրագիր, որի շրջանակներում նկարիչներին հնարավորություն է ընձեռում վեց ամիս ապրել և ստեղծագործել Բազել, Ֆրայբուրգ և Երևան քաղաքներում: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամից:
«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախաձեռնությամբ և աջակցությամբ, «Քրիստոֆ Մերիան» հիմնադրամի և «Մոդիալ» ցուցասրահի (Բազել, Շվեյցարիա), Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի Ֆրայբուրգ քաղաքի քաղաքապետարանի, «Ալբերտ-Լյուդվիգ» համալսարանի և Ֆրայբուրգ քաղաքի Ժամանակակից արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ կյանքի է կոչվում արվեստագետների փոխանակման ծրագիր, որի նպատակն է զարգացնել Բազել, Ֆրայբուրգ և Երևան քաղաքների միջմշակութային կապերը և նպաստավոր պայմաններ ստեղծել արվեստագետների փոխադարձ շփումների համար:
Ծրագիրը կմեկնարկի 2016թ.-ի հունվարին: Ֆրայբուրգ քաղաքի հյուրն է լինելու հայ արվեստագետ, որն ապրելու և աշխատելու է «L6» արվեստանոց-կացարանում: Ի պատասխան, «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը 2016թ.-ի հուլիսին Երևանում կհյուրընկալի գերմանացի/շվեյցարացի արվեստագետի: Վեցամսյա ժամանակահատվածում ստեղծված աշխատանքները կներկայացվեն անհատական ցուցահանդեսներում:
Սեպտեմբերի 17- 21ը «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի հրավերով, Հայաստանում Գերմանիայի և Շվեյցարիայի դեսպանությունների հետ համագործակցությամբ Հայաստանի մայրաքաղաք Երևան կժամանեն «Արվեստագետների փոխանակման միջազգային ծրագրում» ընդգրկված կառույցների ներկայացուցիչները` հայկական կողմի միակ գործընկեր և ծրագրի պատասխանատու «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի հետ երկարաժամկետ ծրագրի մեկնարկը պաշտոնապես ազդարարելու նպատակով: Նրանք հնարավորություն կունենան ծանոթանալ Երևանի ժամանակակից արվեստի դաշտին և ազդարարված ծրագրի առաջին մասնակից հայ արվեստագետի հետ: