Էռնա Յուզբաշյանն այսօր երգել չի ցանկանում
«Ամեն ինչ լավ է իր ժամանակին: Եթե այս պարգևը ստանայի 30 տարի առաջ, զգացմունքներս այլ կլինեին, իսկ այօր այլ վիճակ է: Շատ հուզիչ է», - Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի վաստակավոր արտիստի պատվավոր կոչման արժանանալուց հետո լրագրողներին ասաց Էռնա Յուզբաշյանը:
Նա նշեց, որ անակնկալ էր իր համար, հաճելի, որ հենց Հանրապետության ղեկավարի ձեռքից է ստացել այս պարգևը:
Երգչուհին այսօր կոնկրետ որևէ երգ չի ցանկանում կատարել, այլ ուզում է ուրախանալ հայ ժողովրդի հետ՝ Հայաստանի Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ, վայելել այս օրը:
Նշենք, որ այս տարի լրանում է երգչուհու բեմական գործունեության 35 տարին, որի առիթով նա հոբելյանական համերգներ կունենա Երևանում, Ստեփանավանում, Գյումրիում, Վանաձորում և Արցախում, այնպես նաև՝ Լոս Անջելեսում և Մոսկվայում:
Panoram.ama-ի հետ զրուցում Է. Յուզբաշյանն ասաց, որ համերգների ընթացքում լինելու են անակնկալներ, դուետներ՝ իր գործընկերների հետ:
Խոսելով հայ երգարվեստի մասին, երգչուհին ասաց. «Մեկ տխրում եմ, մեկ ուրախանում: Հիմնականում տխրում եմ, որովհետև նկատել եմ, որ ժողովրդի ճաշակը փոխվել է: Բայց գտնում եմ, որ ժողովուրդը մեղք չունի, լսում է այն, ինչ տալիս են: Այս հարցում պետք է ավելի խիստ լինել»:
Է. Յուզբաշյանն, իր առաջին պրոֆեսիոնալ բեմական քայլերը արել է 16 տարեկան հասակում, երբ եղել է «Գայա» պետական ջազ կվարտետի մենակատար: Բաքվում ավարտելով բարձրագույն երաժշտական կրթությունը` տեղափոխվել է Երևան: 1980թ. «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլի հետ հյուրախաղերով ելույթ է ունեցել Ուկրաինայում և Մոլդովայում: Համագործակցել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ և մասնակցել տարբեր երաժշտական մրցույթների, որտեղ արժանացել է առաջատար մրցանակների: 1982թ-ից եղել է Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մեներգչուհի, որի հետ հյուրախաղերով եղել է ԽՍՀՄ գրեթե բոլոր երկրներում: 1984թ-ից հանդես է գալիս որպես անհատ երգչուհի, որի ընթացքում մասնակցել է բազմաթիվ միջազգային երաժշտական մրցույթների, փառատոների, հեռուստահաղորդումների: 1986թ. դարձել է «Տարվա երգ» մրցույթի դափնեկիր: 1987թ. Բելգրադի «Մեսամ» միջազգային մրցույթում ներկայացրել է Խորհրդային Միությունը և զբաղեցրել 3-րդ տեղը: 1988թ-ից աշխատել է Երևանի պետական ջազ քոլեջում, որտեղ դասավանդել է վոկալ: 1989թ. դարձել է Հայաստանի Լենինյան կոմսոմոլի դափնեկիր: 1991թ-ից աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում: 1994թ-ից տեղափոխվել է ԱՄՆ:
Նախորդող հրապարակումներ՝
Արթուր Ալեքսանյան. Աշխարհի չեմպիոն դառնալը դժվար է, իսկ այդ տիտղոսը պահելը՝ էլ ավելի դժվար
Սերժ Սարգսյան. Չեմ կասկածում, որ բոլոր նվիրյալների ժամանակն էլ գալու է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան