«Սրանք գոլուբոյ են», «Հեռու պահեք երեխաներին». բախում ազգային պահպանողական երիտասարդների հետ (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր ժամը 16:15-ին Կասկադի մոտից «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» և «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ պետք է «Մշակութային բազմազանություն» խորագրով երթ մեկնարկեր դեպի Շառլ Ազնավուրի հրապարակ: Նշենք, որ նախքան շքերթի մեկնարկը սոցիալական ցաներում լուրեր են շրջանառվել, որ «Մշակութային բազմազանության» տակ իրականում «գեյ-շքերթ» է կայանալու, ինչը ազգային պահպանողական գաղափարներով գաղափակից մի խումբ երիտասարդների, հավանաբար, սրտով չէր և արդյունքում շքերթի մասնակիցներին՝ շուրջ 20 հոգու, նրանք «սվիններով» դիմավորեցին «Մոսկա» կինոթատրոնի տարածքում:
Ինչպես հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը, եթե տեղում չլինեին ոստիկանները, ապա չէր բացառվում, որ բավականին լուրջ բախում տեղի ունենար այս երկու խումբ երիտասարդների միջև: Ոստիկանության միջամտության արդյունքում, կազմակերպության ներկայացուցիչները շքերթին մասնակից համախոհների հետ միասին այս պահին պատսպարվել են Նկարիչների միության շենքում, իսկ ազգային պահպանողական երիտասարդները՝ միության դռան դիմաց սպառնալիքներ են վանկարկում:
Նշենք, որ նրանց ձեռքին է «Սրանք գոլուբոյ են», «Հեռու պահեք երեխաներին», «Ոչ այլասերմանը» և նմանատիպ գրություններով պաստառներ: Բացի այդ, նմանատիպ արտահայտություններ վանկարկում են և այս պահին էլ երգում են Հայաստանի օրհներգը: Ավելացնենք նաև, որ ոստիկանները յուրատիպ չեզոք գոտի են կազմել և չեն թույլատրում, որպեսզի որևէ մեկը, բացի լրատվամիջոցներից, մոտենա Նկարիչների միության շենքին:
Լուսանկարները` Լիլիան Գալստյանի