Զինծառայողը պարապմունքի ժամանակ մահացել է մարտական ականի պայթյունից. Ինչո՞ւ էր ՊԲ-ն լռել
Հայաստանի Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը հաստատում է, որ Հադրութի շրջանի զորամասերից մեկում ականի պայթյունից զինծառայող է մահացել: ՊՆ Քննչական ծառայության լրատվության հետ կապերի պատասխանատու Մերի Սարգսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ ուսումնական պարապմունքի ժամանակ ականներից մեկը հողի մեջ տեղադրելիս պայթել է, որի հետևանքով շարքային Արմեն Սարգսի Հարությունյանը մահացել է:
Նրա տեղեկացմամբ, փաստի առթիվ ՀՀ Պն քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգքրի 376-րդ հոդվածի 2-ր մասի հատկանիշներով` «անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որը առաջացրել է անզգուշությամբ ծանր հետևանքներ»:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ականներից մեկը փաստորեն, մարտական է եղել, իսկ ուսումնավարժական պարապմունքի ժամանակ մարտական ական չպետք է լիներ:
Դեպքը տեղի էր ունեցել մայիսի 17-ին, սակայն ԼՂՀ Պաշտպանության բանակն այդ մասին, ինչպես սովորաբար է անում այդ դեպքերում, հաղորդագրություն չի տարածել լրատվամիջոցներին: Գյումրիից զորակոչված զինծառայողի մահվան մասին լուրը նախօրեին տարածել էր Գյումրիի «Ասպարեզ»-ը, որի ղեկավար Լևոն Բարսեղյանը ներկա էր եղել զինծառայողի հուղարկավորության արարողությանը և խոսել էր հարազատների հետ:
ԼՂՀ ՊԲ լրատվության հետ կապերի պատասխանատու Սենոր Հասրաթյանից փորձեցինք հասկանալ` ինչո՞ւ է Պաշտպանության բանակը լռել, վերջինն ասաց, որ իրենց կայքէջում լուրը տեղադրված է եղել: Երբ նկատեցինք, որ շաբաթ օրը, մայիսի 19-ին (ուշադրություն դեպքը տեղի է ունեցել մայիսի 17-ին-հեղ.) Panorama.am-ի թղթակիցը ԼՂՀ ՊԲ պաշտոնական էջում չի տեսել զինծառայողի մահվան մասին լուր և բացի այդ, հաղորդագրություն չի տարածվել Հասրաթյանը պատասխանեց. «Հիմա ամեն անգամ կարելի է նայել մեր սայթը: Էդ մեկն էլ որոշել ենք այդպես լինի: Բանը…ըտեղ ինչ-որ հանցագործություն կա՞: Ամեն օր մտեք, մենք պարբերաբար լուրեր տեղադրում ենք»:
Այլ հարցերի Հասրաթյանը չպատասխանեց` անմիջապես վայր դնելով խոսափողը:
Հադրութում զինծառայող է զոհվել. Ասպարեզ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա