Պատգամավորի հրահանգով մարդկա՞նց են ծեծել. Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Հունիսի 17-ին երեկոյան Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում գիշերը խաղաղ չի անցել. Այս անգամ երկու բժիշկներ են դաժան ծեծի ենթարկվել: Նշենք, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրը պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) և նման միջադեպերը այստեղ պարբերաբար կրկնվում են:
Ոստիկանության լրատվական ծառայությունից Panorama.am-ին տեղեկացնում են, որ հունիսի 18-ին գիշերը ժամը 01:50-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին Կենտրոնական զինվորական հոսպիտալից տեղեկություն է ստացվել, որ վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել երկու անձինք: Պարզվել է, որ վերջիններս վնասվածքներն ստացել են հունիսի 17-ին ժամը 21:30-ին Երևանի Աճառյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրում: Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում»:
Նշենք, որ տուժողները երկուսն էլ Զինվորական հոսպիտալի բժիշկներ են, հասակակիցներ են, ծնվել են 1979 թվականին` Արտակ Բայադյան և Վահե Ավետյան: Զինվորական հոսպիտալից Panorama.am-ին ասացին, որ Վահե Ավետյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ Բայադյանինը` բավարար:
Ըստ լրատվական կայքէջերում տարածված տեղեկությունների, բժիշկներին ծեծել են Հայրապետյանի անվտանգության աշխատակիցները, նրա հրահանգով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են