Զինծառայողը մեղադրվում է սիմուլյացիայի համար. Իսկ մայրը հացադուլով փորձում է հասնել արդարության
Զինված ուժերի զինծառայող Ռուբեն Միքայելյանի մայրը, որ երեկ կառավարության շենքի մոտ հացադուլ էր հայտարարել, այսօր այնտեղ չի գնացել: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Շամիրամ Միքայելյանն ասաց, որ տղան «ինսուլտով պառկած է հոսպիտալում» և ինքը ստիպված էր որդու հարցերով զբաղվել ու այդ պատճառով էլ չի այցելել կառավարության անդամներին»: Նա ասաց, որ վաղն անպայման հացադուլը կշարունակի կառավարության շենքի առաջ: «Տղուս առողջությունն է ինձ անհանգստացնում, էսօր այդ հարցերով եմ զբաղված, բայց վաղն անպայման գնալու եմ կառավարության շենքի մոտ», -փոխանցեց կինը:
Երեկ տիկին Միքայելյանը հետևյալ պահանջն էր ներկայացրել պաշտպանության նախարարության պաշտոնյաներին` «Հացադուլ ընդդեմ անարդարության, սպայի կողմից միտումնավոր շարքային զինվորին ստորացնելու և ինքնասպանության դրդելու համար: Եթե որևիցե մեկը խանգարի իմ հացադուլը, ինքնահրկիզման կդիմեմ: Իմ պահանջն է` զինվորին տալ իրեն հասանելիք արձակուրդը բուժման համար»:
Մայրն ասում է, որ Սիսիանի զորամասում ծառայող իր տղան երեք հիվանդություն ունի` սրտի բնածին արատ, երիկամների հիվանդություն և ոտքի խնձորակն է կոտրված: Տղայի վիճակը վատացել է նախորդ տարվա հոկտեմբերին, երբ նույն զորամասում զինվորները ծեծել են մի տղայի ու իր որդուն հարուցված քրեական գործի շրջանակներում ներգրավել որպես վկա:
Վերջինն էլ, մոր խոսքով, պատմել է այն ամենն, ինչ տեսել է:
«Դրա համար իմ տղային ծեծել են, վիրավորել են ամենավերջին ստոր ձևով` իմ տղային ասելով` եթե դու մեր աածով չանես, մենք ենք քեզ սպանելու», -պատմում է մայրը և ասում, որ այդ ամենին չդիմանալով այս տարի մարտ ամսին որդին` Ռուբեն Միքայելյանը, ինքնասպանության փորձ է անում` թևի երակները կտրելով: Նրան, սակայն, հաջողվում է փրկել:
Դրանից հետո նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվում Քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Իրեն որևէ վնասվածք պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի, կեղծ փաստաթղթեր օգտագործելու կամ խաբեության այլ միջոցով կամ ապօրինի այլ եղանակով զինծառայողի կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելը»:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՊՆ քննչական ծառայության լրատվական բաժնի սպա Մերի Սարգսյանը տեղեկացրեց, որ ՊՆ 8-րդ կայազորային քննչական ծառայությունում հարուցված նույն քրեական գործն ուղարկվել է Եղեգնաձորի զինվորական դատախազություն մեղադրանքը հաստատելու և Սյունիքի մարզի դատարան ուղարկելու համար:
Ռուբեն Միքայելյանի մայրը կտրականապես դեմ է առաջադրված մեղադրանքին և պնդում է, որ որդուն դրդել են այդ քայլին: «Իմ տղեն երբեք չի խուսափել բանակում ծառայելուց, ես ըտենց տղա չեմ դաստիարակել: Մինչև օրս էլ առողջական խնդիրներ ունենալով հանդերձ ծառայել է», -ասաց մայրը:
Նշենք, որ Քրեական օրենսգքրի այս հոդվածով կատարված հանցանքի համար որպես պատիժ սահմանված է կալանք` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան