Սոցապ նախարարությունը հրաժարվում է նպաստ վճարել. Քաղաքացին ընկել է պատկան մարմինների դռները
Ռուսաստանի Ուլյանովսկ քաղաքում մահացած և այնտեղ հուղարկավորված 77-ամյա տիկին Նարինեի դուստրը կանգնել է փաստի առաջ. սոցիալական ապահովության տարածքային մարմինը և նախարարությունը մերժել են նրան, և այժմ նա չի կարողանում ստանալ մոր թաղման նպաստը` 200 հազար դրամ: Քաղաքացին պատկան մարմինների մերժումներից հետո ճարահատյալ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:
Խնդիրը «Կենսաթոշակների մասին» օրենքում այս տարվա սկզբին կատարված փոփոխություններն են, որոնց համաձայն, թաղման միանվագ նպաստներ կտրամադրվեն, եթե մահացած քաղաքացու թաղման հուղարկավորությունը կատարվել է Հայաստանում կամ մահվան վկայականը տրվել է ՀՀ իրավասու մարմնի կողմից: ՄԻՊ աշխատակազմի իրավապաշտպան Տաթևիկ Թոխյանը մեկնաբանում է օրենքը. թաղման նպաստը կարող է տրամադրվել այն դեպքում, երբ մարդը կամ հուղարկավորված է Հայաստանում, կամ հայաստանյան որևէ կառույց մահվանից հետո տրամադրել է մահվան վկայական:
Պաշտպանի գրասենյակում իր իրավունքների պաշտպանությունը փնտրող կնոջ` Կարինեի մայրը հուղարկավորվել է Ուլյանովսկում, իսկ մահվան վկայականը տվել են Հայաստանում: Սակայն, միևնույնն է, թաղման նպաստ կնոջը չեն տրամադրում:
Պետական կենսաթոշակների մասին օրենքի կիրառումն ապահովվում է Կառավարության 665-րդ որոշմամբ» Օրենքի փոփոխությունից հետո կառավարության տվյալ որոշման մեջ, Տաթևիկ Թոխյանի փոխանցմամբ, առայժմ փոփոխություններ չեն կատարվել: Մինչև այդ փոփոխությունները, ոլորտում առաջնորդվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով:
«Դա, սակայն, հնարավոր չէ, որովհետև օրենքը հստակ ասում է, որ կենսաթոշակների վճարումը, վճարման կարգը, փաստաթղթերը, ցանկը կառավարությունն է սահմանում: Հիմա դա կարգավորվել է նախարարի հրամանով, որի համաձայն, եթե քաղաքացին ստացել է մահվան վկայական այլ պետությունում, պետք է բերի և մահվան վկայականում դրվի շտամպ, որ այստեղ հուղարկավորվել է: Պետք է նշում լինի այստեղի գերեզմանատան վերաբերյալ: Այսինքն մյուս պայմանը, որ մարդը հուղարկավորվել է այնտեղ, չկա: Դրա համար մերժում են թոշակը տրամադրել», -բացատրեց իրավապաշտպանը:
Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նամակով սոցապ նախարարի բացատրություններ է պահանջել: Սակայն առայժմ որևէ պատասխան չեն ստացել:
Panorama.am-ը փորձեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից այս հարցի առնչությամբ որևէ պարզաբանում ստանալ դեռ հինգշաբթի օրվանից, սակայն այդ օրն ասացին, որ իրենց մոտ նախատոնական օր է, և աշխատանքն ավարտվում է ժամը 17:00-ին ու չպատասխանեցին: Այսօր էլ առավոտվանից փորձեցինք կապվել նախարարության լրատվական ծառայության հետ, սակայն էլի փոխանցեցին, որ ծառայության ղեկավարը խորհրդակցության է և պետք է ինքը խոսի համապատասխան վարչության հետ, ինչից հետո միայն մեզ կտան մեկնաբանություններ: Առայժմ սպասում ենք:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա