Զինծառայողի մոտ արյան ծանր հիվանդություն է հայտնաբերվել. Հայրը գումար է փնտրում
Հայկական բանակի զինծառայող, 20-ամյա Արթուր Քոչարյանի մոտ ծառայության ընթացքում արյան հետ կապված ծանր հիվանդություն է հայտնաբերվել: Արթուրի հայրն այժմ փորձում է դիմել միջազգային կազմակերպություններին` գումար խնդրելու որդու բուժումը Ռուսաստանում կազմակերպելու համար: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Արթուր Քոչարյանի հայրը` Ռոմիկ Քոչարյանը, հայտնեց, որ Արյունաբանության ինստիտուտը գրավոր պատասխանել է իրենց, որ իրենք ի վիճակի չեն երեխայի հետագա բուժումը Հայաստանում կատարել:
«Ռուսաստանից մեզ պատասխանել են, որ իրենց մոտ հնարավոր է բուժել այդ հիվանդությունը, իսկ դրա համար անհրաժեշտ է 67 հազար դոլար, բայց Պաշտպանության նախարարությունը ասել է, որ պատրաստ է տրամադրել ընդամենը 3 մլն դրամ (7000 ԱՄՆ դոլար): Նախարարության աշխատակազմի ղեկավարն ասել է, որ էլ գումար չեն կարող տալ», -ասաց հուսահատ հայրը:
Տեղեկացրեց, որ գումարն ամբողջացնելու համար դիմել է նաև ՊՆ-ի ռազմաբժշկական վարչության պետ Արտաշես Փարսադանյանին, սակայն վերջինը հորդորել է հովանավորներ փնտրել: «Գլուխս խառն ա շատ, նախարարությունը մարդկային տեսանկյունից պարտավոր է օգնել. զինվորը հո միայն իմը չի՞, զինվորը մեր բոլորինն է մենակ իմը չի, որ ես էսօր մնացել եմ մեն-մենակ էդ զինվորի հետ, ինքը ծառայության մեջ ա հիմա», -ասաց հայրը:
20-ամյա Արթուր Քոչարյանը արդեն մեկ տարի 10 ամիս է` ծառայում է Երևանում, Նուբարաշենում տեղակայված զորամասում: Այժմ նա գտնվում է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Panorama.am-ին ասաց, որ այժմ իրենք ուսումնասիրում են խնդիրը և առաջիկայում պարզաբանումներ կտան:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները