Քաշաթաղում արդեն վերաբնակեցվել է 23 սիրիահայ ընտանիք
«Աջակցություն ինքնորոշված Արցախին» կազմակերպության կողմից շարունակվում են աշխատանքները` նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստատված սիրիահայ ընտանիքներին: Բացի այդ, ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Աջակցություն ինքնորոշված Արցախին» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մկրտիչ Տոնոյանը, Սիրիայում տեղի ունեցող ռազմական բախումներից փրկվելու նպատակով Ղարաբաղ տեղափոխված սիրիահայերի համար իրականացվում է վերաբնակեցման ծրագիր:
Նրա խոսքերով` վերջին ամիսներին մոտ 23 ընտանիքներ՝ ընդհանուր առմամբ 71 հոգով, հաստատվել է Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանում: «Վերաբնակեցումը տեղի է ունեցել կամավորության սկզբունքով: Այդ ընտանիքներին պետության կողմից կտրամադրվեն բնակարաններ, որոնք ներկայումս վերանորոգման փուլում են գտնվում»,- ասաց Մ. Տոնոյանը: Իսկ Քաշաթաղում վերաբնակեցված սիրիահայերին իրենց կազմակերությունը կահույք, ինչպես նաև կենցաղային այլ պարագաներ կտրամադրի: Ըստ նրա` 23 ընտանիքին տրամադրվելիք կահույքի համար կհատկացվի 6 մլն 407 հազար դրամ:
Մ.Տոնոյանը նշեց, որ արդեն մի քանի տարի է «Աջակցություն ինքնորոշված Արցախին» կազմակերպությունը իրականացնում է վերաբնակեցման ծրագիր ինչպես Արցախում, այնպես էլ ՀՀ սահմանամերձ գյուղերում: Բացի այդ, կազմակերպության նպատակն է աջակցել սահմանամերձ գոտիներում և Արցախում միկրո և մակրո գյուղատնտեսական ծրագրերի կազզման և իրականացման գործընթացներին:
Բանախոսի խոսքերով` կցանկանար, որ Արցախում վերաբնակեցման քաղաքականությունը շարունակական լինի. «Սակայն տեսնելով Հայաստանի դատարկվող սահմանամերձ գյուղերը, դժվարանում եմ խոսել Արցախի վերաբնակեցման շուրջ պետական քաղաքականության մասին: Սակայն պետք է այդ քաղաքականությունը շարունակել»,- ասաց Մ. Տոնոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին