Նոր բացահայտումներ Վահան Տերյանի մասին. Բանաստեղծի ծոռը մենագրություն է պատրաստում
Առաջին հայացքից թվում է, թե Վահան Տերյանի մասին շատ բան է տպագրված, ամբողջական պատկերացում է ձևավորված նրա կյանքի, ստեղծագործական գործունեության վերաբերյալ: Սակայն բանաստեղծի ծոռը` Գևորգ Էմին-Տերյանը, խոստանում է առաջիկայում նոր բացահայտումներ ներկայացնել, թե ինչու է Վ. Տերյանը հալածվել, «արտաքուստ Սովետական Միությունն ընդունում էր նրան, բայց իրականում Երևանում այդպես էլ չբացվեց նրա թանգարանը, նրան ներկայացնում էին որպես «ուղղափառ» բոլշևիկի, բայց կուսակցական վերնախավը գիտեր պոետի և լենին-ստալինյան ընդհարման մասին»: Մոտ երկու շաբաթից ավարտված կլինի Գ. Էմին-Տերյանի մենագրությունը` քնարերգու Վահան Տերյանի մասին: Գրքի աշխատանքային վերնագիրն է` «Վահան Տերյան. անտիպ և անհայտ էջեր»:
«Իրականում Վահան Տերյանի մասին կան բազմաթիվ նյութեր, որոնք տպագրված չեն, ուսումնասիրված չեն, անհայտ են, ներկայացված են խեղաթյուրումներով, սխալ մեկնաբանություններով, կրճատումներով, թարգմանությունները սխալ են արված, որոնց արդյունքում իմաստը փոխված է»,- ասաց Գևորգ Էմին-Տերյանը: Ըստ նրա, եղել են խմբագիրներ, որոնք որոշել են, որ Տերյանի նամակի ինչ-որ հատվածը չպետք է հրապարակեն. օրինակ` Տերյանը նամակներից մեկում գրում է. «Մտածեցի կարտ խաղալով գործս մի քիչ կարգի բերել բայց չըյաջողեց, տարւեցի թեև ոչ շատ»: Վ. Պարտիզունին այս տողը չի հրատարակել` կարծելով` ամոթ է, որ Տերյանը թղթախաղ է խաղացել:
600-700 էջանոց մենագրության մեջ ամփոփվել են պոետի քաղաքական հայացքները, կենսագրության անհայտ էջերը, Տերյանի անտիպ նամակները, հոդվածները, գրախոսությունները, ինչպես նաև բազմաթիվ հուշեր, որոնք մինչ այժմ անհայտ են ընթերցող լայն հասարակությանը: «Փաստաթղթեր եմ հայտնաբերել, որոնցից մեկի համաձայն` նա 1919 թվականին դուրս է եկել Կոմունիստական կուսակցությունից»,- ասաց Գ. Էմին-Տերյանը:
Մենագրության հեղինակի խոսքով, տասը տարուց ավելի է աշխատում է նյութերը հավաքելու ուղղությամբ, օգտվել է արխիվներից, հին հրատարակություններից ու մամուլից:
Գևորգ Էմին-Տերյանի խոսքով, գրքի տպագրման համար իրեն ֆինանսական օժանադակություն են խոստացել: Մենագրության շնորհանդեսը, ըստ ամենայնի, կլինի փետրվարի 9-ին` մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան օրը: