Խաղալիք համակարգիչ, հեքիաթի գրքեր, լույսեր… Նամակներ Ձմեռ պապին` սահմանամերձ գյուղերի երեխաներից
«Բարև Ձմեռ պապիկ ջան: Ես անհամբեր սպասում եմ քեզ: Ես ուզում եմ նվերներ: Ես քեզանից խնդրում եմ խաղալիք համակարգիչ և հեքիաթի գրքեր: Ես քեզ շատ եմ սիրում, Ձմեռ պապիկ: Ցանկանում եմ քեզ լիքը-լիքը առողջություն»:
Վայոց Ձորի մարզի Խնձորուտի միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանի աշակերտուհի Անժելա Համբարձումյանի նամակն է Ձմեռ պապին: Սահմանամերձ գյուղերի մոտ 1500 երեխաներ Անժելայի նման նամակներ են գրել Ձմեռ պապին, որոնցում եղած ցանկությունները կարող են իրականություն դարձնել բոլոր նրանք, ովքեր կցանկանան:
Երեխաների երազանքն իրականություն դարձնելու նախաձեռնությունը «Համաչափ Զարգացում» Համայնքային Զարգացման հասարակական կազմակերպությանն է: «Բարի Ձմեռ Պապ» բարեգործական ծրագրի համակարգող խորհուրդն աշխատում է «Այսօր չկոտրենք երեխաների սիրտը և անկատար չթողնենք նրանց նվիրական երազանքները, վաղն այն կարող է թանկ արժենալ հասարակության համար» կարգախոսով:
Ձմեռ պապիկին գրված նամակները մաս են կազմում ծրագրի «2013-2014» փուլի, որն իրականացվում է Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանամերձ գյուղերում:
Սահմանամերձ գյուղերի դպրոցական երեխաների` Ձմեռ պապին ուղղված նամակները տեղադրված են ծրագրի կայքում, որի միջոցով յուրաքանչյուրը կարող է «Ձմեռ պապ» դառնալ: Մտնելով կայք՝ այցելուն ընտրում է մեկ կամ բազմաթիվ երեխաների նամակներ, ներկայացնում է այդ նամակագիրներին նվիրատվություն կատարելու հայտ, ծրագրի աշխատակից ձմեռ պապերի և ձյունանուշերի միջոցով նվերները հովանավորներից փոխանցվում են հասցեատեր երեխաներին:
Ինչպես Panorama.am-ին տեղեկացրեց «Համաչափ Զարգացում» Համայնքային Զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Մակար Եղիազարյանը, ծրագրի այս հատվածի նպատակն է ստեղծել մշտական և կայուն կապ կարիքավոր երեխաների և այն անձանց միջև, ովքեր պատրաստ են աջակցություն ցուցաբերել այդ երեխաներին: «Ծրագիրն աշխատում է այնպիսի սկզբունքով, որ յուրաքանչյուր նվիրատու հնարավորություն ունենա հավաստիանալու իր նվերը հասցեատիրոջը հասցված լինելու հարցում և ցանկության պարագայում՝ հետագայում ևս շարունակել հովանավորել այդ երեխային»,- ասաց նա:
Ծրագիրն արդեն 6-րդ տարին է իրականացվում, իսկ նամակները սկսել են հավաքել դեկտեմբերի սկզբից: «Այս փուլն աննախադեպ է եղել այն առումով, որ նամակները կայքում տեղադրելու շնորհիվ անհատներն են արձագանքում դրանց: Նախորդ տարիներին միշտ հովանավորներ ենք գտել, նվերները բաժանել ենք: Բայց որ առանձին մարդիկ Ձմեռ պապ դառնան կոնկրետ նամակագրի, չէր եղել: Ոգևորությունը շատ մեծ է, մեծ թվով մարդիկ դառնում են Ձմեռ պապ»,- ասաց Մակար Եղիազարյանը:
Նա կոչ արեց հասարակությանն ակտիվ լինել. «Շատ լավ է, որ օրինակ 1000 նամակագիրներից 100-ին ունենանք Ձմեռ պապեր, բայց մյուս կողմից տխուր կլինի, եթե ասենք մի երեխայի համար Ձմեռ պապ չլինի, իսկ հարևան երեխան ստանա նվեր: Մենք պիտի մեր ներուժը մաքսիմում օգտագործենք, որպեսզի կարողանանք շատ Ձմեռ պապեր ներգրավենք ծրագրում: Ուղղակի ակտիվ լինեն մարդիկ, սա թափանցիկ, որևէ շահ չհետապնդող նախաձեռնություն է: Բոլորը իրենց ցանկացած ժամանակ կարող են կապ հաստատել այն երեխաների հետ, ում համար Ձմեռ պապ են դարձել»:
Ամանորին ու երեխաների ցանկություններն իրականացնելուն մնացել է 15 օր ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա