Զ. Պետրոսյան. Բարձր ճնշման դաշտը պատնեշում է տաք օդի ներթափանցումը
Առաջիկա հինգ օրերի ընթացքում ջերմաստիճանի որևէ փոփոխություն չի կանխատեսվում: Panorama.am-ի հետ զրույցում «ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության» ՊՈԱԿ-ի ծառայության օպերատիվ կանխատեսումների բաժնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը հայտնեց, որ Արարատյան դաշտավայրի մառախուղը, ցածր ջերմաստիճանն ու ողջ հանրապետությունում առանց տեղումների եղանակը կպահպանվեն:
Զ. Պետրոսյանը մատնանշեց այն տարածքները, որտեղ ցերեկային ժամերին ջերմաստիճանը բավականին բարձր է` Սյունիքի նախաեռնային տարածքներ` Գորիս, Կապան, ամենաբարձրը` Տավուշում, նույնիսկ Գեղարքունիքում երեկ դրական ցերեկային ջերմաստիճան է գրանցվել:
«Եթե Արարատյան դաշտավայրում երեկ ցերեկը եղել է -10-12 աստիճան ցուրտ, ապա Գեղարքունիքում եղել է մինչև +2 աստիճան տաքություն»,-ասաց ծառայության ներկայացուցիչը:
Ինչո՞վ է պայմանավորված, պատասխանն այս պարագայում մեկն է` ռելիեֆով:
«Արարատյան դաշտի նախալեռները, Վայոց Ձորի հովիտները, Սյունիքի հովտային շրջանները` մասնավորապես Մեղրին գտնվում են գոգավորության մեջ, և այդ ցուրտ օդը լճացել է: Սովորաբար բարձրությանը զուգահեռ ջերմաստիճանը նվազում է: Իսկ այս պահի դրությամբ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ 1500 մ բարձրության վրա ջերմաստիճանը շատ ավելի ցածր է, քան 3 000 մ բարձրության վրա: Հիմա այդ տարածքներում նստած մառախուղի, ամպամածության շերտը պատնեշում է մթնոլորտի շրջանառությունը, թույլ չի տալիս, որ ցերեկը արև երևա, իսկ երկրի մակերևույթը հիմնականում տաքանում է արեգակից»,-բացատրեց մասնագետը, ապա շարունակեց, որ այս պահին նշված տարածքները գտնվում են բարձր ճնշման դաշտում:
«Այսինքն, բարձր ճնշման դաշտը պատնեշում է տաք օդի ներթափանցումը նաև կողքից: Հիմա այն տաք օդը, որ գալիս է, ոչ միայն չի տաքացնում, այլև մի բան էլ պատնեշում է արեգակի ճառագայթները: Առայժմ մթնոլորտի որևէ հզոր շրջանառություն հնարավոր չէ, եթե նայեք օդերևութաբանական քարտեզը, ապա մեզ շրջապատող հարակից տարածքներից` թե հարավից ու հյուսիսից, թե արևելիքց ու արևմուտքից բարձր ջերմաստիճաններ են, որոնք բարձր վայրերում պայմանավորում են բարձր ֆոն, իսկ գոգավոր հատվածներում` ցածր ֆոն»,-ներկայացրեց Զ. Պետրոսյանը:
Ծառայության բաժնի պետը վերլուծելով անցած տարիներին արձանագրած արդյունքները, հիշեց, որ նման դեպքեր լինում են: Վերջին անգամ 2002-ին էր, երբ նույն դեկտեմբերին գրանցվեց նման իրավիճակ, իսկ ջերմաստիճանն էլ հասավ նույնիսկ -28 աստիճան ցրտի, իսկ Արարատ քաղաքում` նույնիսկ -32-ի:
«Այդ տարի ցուրտ սկսվեց դեկտեմբերի 14-ից, բայց բարեբախտաբար 2003-ի հունվարի 4-5ը տեղումներ դիտվեցին և այս ինվերսիան քանդվեց, ջերմաստիճանը բարձրացավ»,-ասաց Panorama.am-ի զրուցակիցը:
Նրա խոսքով, նման երևույթները կարող են տևել 5-20 օր, սակայն 1953-ին այդ իրավիճակը շարունակվել է 90 օր:
«Բայց դա միակ տարին էր, որ այդքան երկար տևեց, գերակշռող դեպքերում եղել է 5-20 օր»,-նկատեց նա:
Պետրոսյանը հիշեցրեց, որ ծառայության կանխատեսումներիով առաջիկա հունվար-փետրվար ամիսներին ակնկալվում է ջերմաստիճանի նորմայի նկատմամբ դրական շեղում:
«Առայժմ այդ կանխատեսումն ուժի մեջ է: Դեկտեմբերը կանխատեսվել էր նորմայի մոտ, ցավոք սրտի, կանխատեսումը Արարատյան դաշտավայրի ու գոգավորությունների մասով արդարացված չի կարող համարվել, բայց հունվար-փետրվարը մնում է ուժի մեջ, կապրենք, կտեսնենք, ես հույս ունեմ, որ գոնե դա կարդարանա»,-ասաց բաժնի պետը, մեկ անգամ ևս հիշեցնելով, որ ամսական, սեզոնային կանխատեսումների արդարացման աստիճանը ցածր է, դրանք 100 տոկոսանոց ճշմարտության տեղ պետք չէ ընդունել: