Մարզահամերգային համալիրը հանել են աճուրդի
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանվել է վաճառքի: Այս մասին ասված է harkadir.ajurd.am կայքում, որտեղից էլ տեղեկանում ենք, որ աճուրդի մարզահամերգային համալիրը հանվել է ընդամենը երեկ` մայիսի 19-ին: Մեկնարկային գինն է 19 350 000 000.0 դրամ: Panorama.am-ի հրապարակման պահին որևէ առաջարկ աճուրդի հանված կառույցի գնելու առումով դեռ չկար... թեև գնորդներն էլ կարող են չշտապել` դեռ ութ օր ժամանակ ունեն իրենց հայտը ներկայացնելու համար:
Նույն կայքից տեղեկանում ենք, որ մարզահամերգային համալիրի ընդհանուր մակերեսը 46335.7քմ է: Առկա են օժանդակ շինություններ՝ 50քմ և 40քմ, ջրավազաններ, աստիճան՝ 2800քմ, ջրավազան՝ 3851.3քմ, սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, հասարակական կառուցապատման հողամաս՝ 95595.87քմ: Բացի այդ` հանդիսանում է գրավի առարկա:
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ մամուլում տեղեկություն կար, որ մարզահամերգային համալիրի սեփականատեր Մուրադյան եղբայրները Հայաստանի կառավարությունից 20 մլն ԱՄՆ դոլարի վարկ էին վերցրել, որի դիմաց էլ գրավադրել էին համալիրի բաժնետոմսերի 75 տոկոսը...
Տեղեկատվությանը ծանոթանալուց հետո մնում է միայն հուսալ, որ մարզահամերգային համալիրը չի վաճառվի մի այնպիսի անձնավորության կամ ընկերության, որն այն կվերածի տարածաշրջանում ամենամեծ սուպերմարկետի` էժան գներով ու էժանագին ապրանքատեսակներով, կամ այն չի վերածվի հյուրանոցային համալիրի.... ի վերջո, եթե անգամ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ մարզահամերգային համալիրի շինարարությունը Խորհրդային Հայաստանում իսկապես իրադարձություն էր և երևանցիների մեծ մասի հուշերը կապված են այս համալիրի հետ ( հերթական ավանդական «Ոսկե աշուն»-ի ժամանակ ծանոթացել են ապագա կնոջ կամ ամուսնու հետ, եղել Հայաստան ժամանող արտասահմանյան աստղերի համերգներին, սպորտային միջոցառումների մասնակից և այլն) միայն այն, որ հարևանությամբ տեղակայված է Հայոց Ցեղասպանության հուշահամալիրը արդեն իսկ պարտադրում է դրա գնորդի նկատմամբ լինել ավելի խստապահանջ: Թեև մյուս կողմից էլ հասկանում ենք, որ նման գումարների դեպքում խստապահանջությունն անցնում է հետին պլան և առաջ է մղվում հայտնի ասացվածքը` «кто платит, тот и заказывает музыку»... ցավոք, շատ ունենք նման օրինակներ:
Նշենք, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ համալիրը շուրջ տասը տարի առաջ` 2005թ-ին կառավարության որոշմամբ վաճառվել էլ «ԲԱՄՕ Մետալ» ընկերությանը, պաշտոնապես վերաբացվեց այն 2008թ-ին: Սակայն վերջին տարիներին մարզահամերգային համալիրում ավելի շատ պաշտոնական միջոցառումներ էին կազմակերպվում, քան բուն նպատակին ծառայող համերգային կամ սպորտային միջոցառումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները