Փաստաբանները մեզ չեն կարա օգնեն, սա քաղաքական պրոցես ա. Շանթի դատը (տեսանյութ)
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին և նրա ընկերներին այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դիմավորեցին ծափահարություններով: Դահլիճում մարդիկ փոքրաթիվ էին, քանի որ դատական կարգադրիչները թույլ չէին տվել դատարանի առջև հավաքված հարազատներին ու գործով հետաքրքրված գործիչներին բարձրանալ նիստերի դահլիճ` պատճառաբանելով, թե դահլիճում տեղ չկա:
«Շանթ ո՞նց ես», -դահլիճից հնչած հարցին, Հարությունյանը պատասխանեց ժպիտով` «Նորմալ»:
Նշենք, որ դատական նիստերի դահլիճում էր նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Դատական նիստերի դահլիճում տեխնիկական հնարավորություններն անբավարար էին, և լսելի չէր նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանի և ամբաստանյալների ձայնը:
Շանթ Հարությունյանը նիստի ընթացքում թևի տակից հանեց տետրը և կարդաց հայտարարությունը: Նախ իր և ընկերների անունից ցավակցեց ազատամարտիկ Սմբատ Այվազյանի հարազատներին նրա մահվան կապակցությամբ և հավելեց. «Այսօր գտնվելով բանտում հաճախ եմ հիշում նրա և մյուս ընկերների հետ մարտի 1-ի գործով բանտում անցկացրած օրերը։ Մյուս տղերքին մաղթում եմ երկար, երջանիկ կյանք։ Բանտարկության այդ մեկ տարին որքան էլ ծանր լիներ, այսօր հիշում եմ երջանկության զգացումով»:
Այնուհետև դիմելով ամբաստանյալի աթոռին նստած ընկերներին, ասաց. «Տղերք, էս ըստ էության մեջ դատն ա, ոչ թե փաստաբանների: Ընենց չլինի մեր դատը սկսվի, փաստաբանները խոսան իրավական դաշտում ու մեր մտքերը գնա կորի իրավական պրոցեսների մեջ: Դրա համար ես առաջարկում եմ, որ եթե դատերի ուշացման պրոցես ա առաջանում, բոլորս հրաժարվենք մեր փաստաբաններից: Փաստաբանները մեզ ոչ մի առումով չեն կարա օգնեն, սա քաղաքական պրոցես ա: Եթե որևէ մեկը կարծում ա, որ փաստաբանը Հայաստանում կարա դեր ունենա, նշանակում ա, ինքը մտածում ա, որ երկրում կա արդարադատություն»:
Նա շնորհակալություն հայտնեց շատերին, որոնք օգնել են իրեն ու համակիր են եղել իր գաղափարներին:
Երբ ամբաստանյալներից մեկի կինը հետաքրքրվեց, թե ինչու հարազատներին թույլ չեն տալիս մուտք գործել դատարան, ներկա լինեն նիստին, դատավոր Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ մյուս անգամ հնարավորության դեպքում թույլ կտան, որ գոնե ամենամոտ մարդիկ ներկա լինեն նիստին:
Մյուս փաստաբանների ներկա չլինելու պատճառով նիստը հետաձգվեց և կշարունակվի հունիսի 25-ին:
Մանրամասները` տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
Ակցիա դատարանի դիմաց. Մեկնարկում է Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավարությունը
Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)