Վերնիսաժի գործ. Վալերի Հովհաննիսյանին պատգարակի վրա տեղափոխել են դատարան ու կալանավորել
Վերնիսաժի մոտ մայիսի 17-ին հնչած կրակոցների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է երրորդ անձը` Վալերի Հովհաննիսյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
Նա ասաց, որ իրենք չեն ընդունում առաջադրված մեղադրանքը և վիճարկելու են այն: Սակայն այս պահին պաշտպանական կողմին անհանգստացնում է մեկ այլ, ինչպես փաստաբանն ասաց, ստորացուցիչ մի երևույթ. Վալերի Հովհաննիսյանին կալանավորելու միջնորդությունը քննելու համար նրան պատգարակի վրա տեղափոխել են Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
«Նրան դատարան տեղափոխեցին պատգարակի վրա, բժշկի ուղեկցությամբ, աղիքը կողքից կախված վիճակում: Բժիշկները զարմացել էին, որ նման բան է կատարվում առողջական խնդիրներ ունեցող մարդու հետ: Ու այդ վիճակում դատարանը չորս ժամ քննում էր միջնորդությունը: Վալերի Հովհաննիսյանը ի վիճակի չէր խոսելու, ճնշումը բարձրացել էր, բացարձակ չէր գիտակցում` ինչ է կատարվում», -իրավիճակը ներկայացրեց պաշտպանը:
Նրա համար անհասկանալի է նախաքննական մարմնի նման շտապողականությունը և պնդեց, որ վիճարկելու է այդ գործողությունը ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այժմ Վալերի Հովհաննիսյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում է:
«Անգամ եթե ընդունենք, որ իմ պաշտպանյալը կատարել է այդ հանցագործությունը նման ստորացուցիչ կերպով կալանավորել խնդիրներ ունեցող մարդուն, շատ վատ երևույթ է», -նկատեց Բաղդասարյանը:
Նշենք, որ քրեական օրենսգրքի այդ հոդվածով, որով մեղադրվում է Վալերի Հովհաննիսյանը, որպես պատիժ, սահմանվում է 200-500 հազար դրամ տուգանքից մինչև հինգ տարվա ազատազրկում:
Հիշեցնենք` մայիսի 17-ին մեքենայի ճանապարհը բացելու շուրջ Վալերի Հովհաննիսյանի և Ներսես Մելքոնյանի հետ առաջացած վիճաբանության արդյունքում ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան` Գոռ Առաքելյանը, մի քանի անգամ կրակել էր, ինչի հետևանքով 5 անձ տարբեր հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Գոռ Առաքելյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1, 6, 10 կետերի հատկանիշներով` «խուլիգանական դրդումներով սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով» և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «ապօրինի կերպով ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը», և նա կալանավորված է: Գործով կալանավորվել էր նաև Ներսես Մելքոնյանը, որին մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը):
Հարակից հրապարակումներ`
Վերնիսաժում հնչած կրակոցներից վիրավորված Վալերի Հովհաննիսյանը մինչ այժմ տուժող չի ճանաչվել. Փաստաբան
Վերնիսաժի գործով ձերբակալվել է Ներսես Մելքոնյանը
Որտեղի՞ց Ալիկ Սարգսյանը գիտի, որ ցինիզմ է դրսևորվել. Փաստաբանի տարակուսանքը
Վերնիսաժի միջադեպի մասնակիցներից մեկը նախկինում դատված է եղել
Վերնիսաժում կրակոցների հետևանքով տուժածներից 2-ը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում
Վերնիսաժում կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանը երկու ամսով կալանավորվեց
«Աբսուրդ է, ցավալի իրականություն». Վերնիսաժի գործով 2-րդ անձը կալանավորվեց
Եթե պատգամավորի փեսան կալանավորված է, ապա մյուսներն էլ պետք է կալանավորվեն. Փաստաբանի դժգոհությունը