«Իմ ողջ ունեցվածքը մոխիր է դարձել». Տունը կորցրած այգեպարցուն օգնելու համար հաշվեհամար է բացվել
Այգեպարցի Արշալույս Գևորգյանի ընտանիքը, ում տունն ամբողջությամբ այրվել էր հակառակորդի կողմից գնդակոծության հետևանքով, հարևանի տանն է գիշերում, ուտում:
Panorama.am-ի հետ զրույցում Արշալույս Գևորգյանն ասաց, որ հրդեհից կարողացել են միայն մեքենան փրկել:
«Հրդեհից հետո քաշել, կանգնացրել էի դռանը, որ մեջը քնեինք, ես, կինս ու երկորդ կարգի հաշմանդամություն ունեցող տղաս: Իմ ողջ ունեցվածքը լրիվ մոխիր է դարձել, հողին հավասարվել, ես էլ ասելու բան չունեմ»,-ասաց Արշալույսն ու չկարողացավ շարունակել խոսակցությունը:
Հեռախոսը վերցրած գյուղապետ Անդրանիկ Այդինյանը Panorama.am-ին պատմեց, որ հրդեհի ժամանակ ընտանիքի բոլոր անդամները տանը քնած են եղել, գյուղացիները կարողացել են դուռը ջարդել, նրանց դուրս բերել:
«Ոչ մի բան տնից չենք կարողացել հանել, տանը քնած են եղել, դուռը ջարդեցինք, բան արինք, որ դուրս գան»,-ասաց գյուղապետը:
Հակառակորդի կրակոցների հետևանքով Այգեպարում նույն օրը ևս մեկ տուն է այրվել: Արարատ Վարդազարյանի տանը մարդ չի եղել: Այդինյանը պատմեց, որ այդ ընտանիքը մի քանի օր առաջ գնացել է Ռուսաստան՝ թոռնիկի կնունքին մասնակցելու, «էս մի քանի օրը հետ են գալու, նրանք էլ ոչ մի բան տնից հանած չեն եղել»:
Հրդեհի հետևանքով Արշալույսն ու տղան այրվածքներ են ստացել: Գյուղապետն ասաց, որ նրանց առաջին օգնություն է ցուցաբերել գյուղի բուժքույրը, ապա տեղափոխվել են Բերդի հիվանդանոց:
Առողջապահության նախարարությունից Panorama.am-ին հայտնեցին, որ այսօր առողջապահության նախարարն այրվածքաբան է ուղարկել Այգեպար՝ տուժածներին տեղում անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար:
Գևորգյանի ընտանիքին օգնել ցանկացողներին Սմբատ սարկավագ Խանվելյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել կապվել իր հետ:
«Անցած գիշեր Տավուշի մարզի Այգեպար գյուղում թշնամու կրակոցներից այրվել է Արշալույս Գևորգյանի տունը: Իմ հետ զրույցում Արշալույսը ասեց հետևյալը. «Ես էլ եմ էրվել, Էրեխիս էլ վիզն ա վառվել: Տունս տակից կլյուխ մոխիր ա դարձել, ինչ ասեմ»: Այս ընտանիքին շտապ օգնել է պետք, խնդրանքս է, ով ցանկություն ունի օգնելու՝ կապվի իմ հետ»:
Ընտանիքին օգնելու համար Կոնվերս բանկում հաշվեհամար է բացվել՝ 1930044804170100, իսկ իրեր և այլ օգնութունը ուղարկելու համար սարկավագը կոչ է անում բերել Իջևան՝ «այնտեղից ես իրենց կտանեմ կամ կարող ենք միասին տանել»: