«Դատապարտում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը». ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ` Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցման կապակցությամբ: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հայտարարության մեջ ասված է. «Խստորեն դատապարտում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկիչների կողմից:
Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին անգամ ցույց է տալիս այսպես կողչված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը:
Միջազգային հանրությունը պետք է անհապաղ կանգնեցնի, ամրատախիլ անի քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը, կտրի դրա սնուցման, ֆինանասնավորման, աջակցության, հովանավորման ուղիները»:
Նշենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ականապատել և պայթեցրել է Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: