Խոցված ուղղաթիռի օդաչուներին կհուղարկավորեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված ուսումնավարժական ուղղաթիռի օդաչուների հոգեհանգստի արարողակարգը, քաղաքացիական և զինվորական հրաժեշտի արարողությունը տեղի կունենա այսօր ժամը 17.00-20.00-ն, Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում /Նոր Նորքի 5-րդ զանգված/: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նոյեմբերի 25-ին, ժամը 13.00-ին, զոհված օդաչուների աճյունները Սուրբ Սարգիս եկեղեցուց կտեղափոխվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Նոյեմբերի 25-ին, ժամը 14.00-ին` սգո միտինգ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և հուղարկավորություն զինվորական արարողակարգով:
Հիշեցնենք, որ հակառակորդի կողմից ուղղաթիռը խփվել էր նոյեմբերի 12-ին: ԼՂՀ զինված ուժերը դիմել են հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: